Հայկ Ենոքյան. «ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎՈՂԸ ԿՐԿՆԱԿԻ ԵՐՋԱՆԻԿ է»

Խորագրի   հյուրն է Հայկ Դավթի Ենոքյանը՝ պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Առողջապահության ազգային ինստիտուտի Գլխի և պարանոցի, էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ, «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար

 

— Բժիշկ Ենոքյան, կպատմե՞ք, ինչպիսի՞ն է եղել Ձեր ճանապարհը դեպի մասնագիտություն։

— Ասում են, որ մասնագիտության ընտրությունը մարդու երկրորդ ծնունդն է։ Իսկ ես կասեի, որ մասնագիտությունը մարդու երկրորդ բնույթ է, իհարկե, եթե այն ընտրում ես հոգու կանչով, մտքով և բանականությամբ։ Ելնելով իմ հակումներից և անձնային որակներից, բժիշկը ինձ համար ամենահարմար մասնագիտությունն է։ Չեմ ժխտի նաև իմ ծնողների ազդեցությունը մասնագիտական ընտրությանս վրա։ Այն ընտանիքներում, որտեղ բժիշկների մի քանի սերունդ կա, հաճախ հենց այդպես էլ լինում է. երեխաները վաղ մանկությունից աչքի առաջ տեսնում են ծնողների օրինակը, լսում բժշկական թեմաներով զրույցներ, նախ վանկերով են կարդում ընտանեկան գրադարանի գրքերի անվանումները, իսկ հետո սկսում են թերթել դրանք՝ փորձելով ինչ-որ բան հասկանալ։ Հիշում եմ, թե ինչպես, պատանի ժամանակ, համարակալեցի և կազմեցի մեր ընտանեկան գրադարանի բոլոր գրքերի կատալոգը (դրանք մոտ 5000 էին), հետո բաժանեցի դրանք հորս և մորս գրքերի։ Ավելի ուշ դրանց ավելացան նաև իմ գրքերը։

— Իսկ բժշկությունից բացի այլ նախասիրություններ չունեի՞ք։

— Ինչու ոչ, դրանք մի քանիսն էին… Երբ եկավ ընտրություն կատարելու ժամանակը, ես վերցրի թուղթը և վրան գրեցի այն բոլոր մասնագիտությունների անվանումները, որոնք քիչ թե շատ ինձ գրավում էին։ Այնուհետև փորձեցի պատկերացնել իմ կարիերայի ուղին և իմ ձեռքբերումները այդ մասնագիտություններից յուրաքանչյուրում: Եվ իսկապես գոհունակություն զգացի միայն վիրաբույժի դերում, քանի որ հասկացա, որ ինձ համար ամենամեծ ձեռքբերումը մարդկային կյանքեր փրկելն է։ Հետո խորհուրդ հարցրի հորիցս, և ահա, թե ինչ նա ինձ ասաց. «Հիսուս Քրիստոսը, լինելով Աստված և Աստծո որդին, իր աստվածային զորությունն ի հայտ բերելու համար, բուժում էր մարդկանց։ Այսինքն, մարդկանց հիվանդություններից բուժելը աստվածության դրսևորումն է։ Բուժել նշանակում է հրաշք գործել, քանի որ հիվանդությունը մարդու համար ամենամեծ դժբախտությունն է։ Զուր չէ, որ ասում են՝ առողջություն լինի, մնացածը կարելի է ձեռք բերել…» Էլ կասկածելու բան չկար. մասնագիտության ընտրությունը կատարված էր։

— Իսկ պլաստիկ վիրաբուժության ոլորտ ինչպե՞ս եկաք։

— Դա տեղի ունեցավ երկար էվոլյուցիայի արդյունքում։ Սկզբում բավականին երկար ես աշխատել եմ որպես ընդհանուր վիրաբույժ։ Այդ ընթացքում բախվել եմ բազմաթիվ ծանր դեպքերի: Սակայն, ուսումնասիրելով վիրաբուժության տարբեր բնագավառները, հասկացա, որ ինձ ավելի շատ գրավում է պլաստիկ վիրաբուժությունը, որովհետև ես միշտ ձգտել եմ դեպի գեղեցիկը, իսկ լինելով պլաստիկ վիրաբույժ, ես հնարավորություն կունենամ մարդկանց դարձնել ավելի գեղեցիկ, ավելի սլացիկ, ավելի երիտասարդ, իսկ դա նշանակում է՝ ավելի երջանիկ, քան իրենք կան։

— Իսկ Ձեր պատանեկության տարիներին եղե՞լ են կանայք, պարտադիր չէ հայտնի, որոնք Ձեզ համար գեղեցկության իդեալ են եղել։

— Եթե հարցնեիք ինձ այսօրվա մասին, ապա հաստատ չէի կարողանա որևէ կնոջ անուն նշել, քանի որ այդ իդեալական կերպարը գոյություն ունի միայն իմ երևակայության մեջ։ Իսկ ինչ վերաբերում է պատանեկության շրջանին, ապա այդ ժամանակ ինձ համար գեղեցկության իդեալ էր, թերևս, Կլեոպատրան, ավելի ճիշտ՝ Էլիզաբեթ Թեյլորը, ով մարմնավորել է Մեծ եգիպտուհու կերպարը։

Ի՞նչն է ամենաշատն ազդել Ձեր մեջ գեղեցիկի չափանիշների ձևավորմանը։

— Վաղ մանկությունից ծնողներս ինձ սովորեցրել են գնահատել գեղեցիկը։ Դրա համար մենք այցելում էինք տարբեր թանգարաններ, գեղարվեստական պատկերասրահներ։ Առավել մեծ տպավորություն իմ վրա թողել է Լենինգրադը՝ այժմ Սանկտ Պետերբուրգ քաղաքը, մասնավորապես, Էրմիտաժը, որտեղ կենտրոնացված են համաշխարհային մշակույթի մեծագույն գլուխգործոցները։ Բացի այդ, ես միշտ սիրել եմ թերթել ճարտարապետական հուշարձանների պատկերներով ամսագրերը։ Երբեմն ցավում եմ, որ չեմ ընտրել ճարտարապետի մասնագիտությունը, չէ՞ որ ճարտարապետական ստեղծագործությունները, եթե նույնիսկ հավերժ չեն, կարող են պահպանվել դարեր շարունակ, մինչդեռ իմ ստեղծագործությունները ժամանակավոր են։

— Բժիշկ, ի՞նչն է Ձեզ հիմա ամենաշատը ոգեշնչում։

— Իմ բուժառուների քմահաճույքները… Երբեմն պացիենտը խնդրում է անել իր արտաքինի հետ մի բան, որն առաջին հայացքից բացարձակապես անհնարին է թվում։ Այնուամենայնիվ, դու սկսում ես մտածել, փնտրել այդ քմահաճույքի լուծման ուղիները և ի վերջո գտնում ես ելքը, միաժամանակ քեզ համար նոր բան բացահայտելով։ Ինձ համար միշտ հետաքրքիր է իմ պացիենտների երազանքներն իրականություն դարձնել, իհարկե, եթե դրանք չեն հատում բանականության սահմանները։ Ինձ առաջ է մղում նաև իմ ոլորտում բեկում մտցնելու ցանկությունը, օրինակ, կանխատեսել, թե ինչը կլինի թրենդային 5-10 տարի հետո, իսկ հետո առաջինը սկսել այդ գաղափարի իրականացումը։ Մի բան է, երբ դու արտասահմանյան ուղևորությունից բերում ես նոր գիտելիքներ և ներդնում դրանք հայրենական բժշկության մեջ, և բոլորովին այլ բան, երբ դու կատարում ես քո կանխատեսումը՝ հենվելով գիտության վրա։ Իմ թեկնածուական աշխատանքում մոտ 15 տարի առաջ նկարագրված որոշ գաղափարներ այսօր դառնում են հանրաճանաչ։ Իհարկե, դա ինձ ոգեշնչում է և պահանջում չկանգնել ձեռք բերվածի վրա։ Ինձ հուզում է նաև մեր երկրում առողջապահական համակարգի ճիշտ, ռացիոնալ կազմակերպման հարցը, և ես բավականին ժամանակ եմ հատկացնում ճիշտ հայեցակարգի մշակմանը, որը հետագայում կկարողանամ ներկայացնել համապատասխան մարմիններին։ Եվ, այնուամենայնիվ, ամենամեծ ոգեշնչումն ինձ պարգևում են իմ երջանիկ և երախտապարտ պացիենտները։ Նրանց երախտագիտության խոսքերը հոգու լավագույն բալասանն են, ամենամեծ խթանը։

Դոկտոր, իսկ ի՞նչ կա Ձեր կյանքում, բացի աշխատանքից։

— Օ, շատ բան… Դե, սկսենք նրանից, որ ընտանիքը իմ կյանքում նույնքան կարևոր դիրք է զբաղեցնում, որքան իմ աշխատանքը։ Հաջորդը ըստ կարևորության ես կանվանեի իմ ընկերների շրջապատը, որոնց հետ ինձ միշտ հաճելի է շփվել, կիսել իմ ժամանցը։ Ինձ շատ է հետաքրքրում նաև քաղաքականությունը. ես միշտ տեղյակ եմ աշխարհում կատարվող բոլոր իրադարձություններին։ Իմ սիրելի զբաղմունքների ցանկում նաև որսորդությունն է. երևի թե ինձանում այդքան խորն է նստած որսորդի բնազդը (ծիծաղում է)։ Եվ, վերջապես, ես շատ եմ սիրում ճանապարհորդել, ամեն անգամ նոր բան բացահայտել, ծանոթանալ այլ ազգերի ավանդույթներին, ուսումնասիրել քաղաքների ճարտարապետությունը և այլն։ Հավանաբար, եթե ես ծնվեի Մեծ աշխարհագրական հայտնագործությունների ժամանակաշրջանում, ապա անպայման կդառնայի ծովագնաց (ծիծաղում է)։

Ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ Ձեզ՝ 17 տարեկանին, եթե լիներ այդպիսի հնարավորություն։

— Ես ինձ խորհուրդ կտայի իսկույն մեկնել ապրելու մի լավ զարգացած երկիր, որտեղ ողջունվում է գիտական միտքը…

— Իսկ հայրենիքը, հայրենասիրությո՞ւնը։

— Ես բնույթով կոսմոպոլիտ եմ, և ինձ համար Հայրենիքի հստակ հայեցակարգ գոյություն չունի։ Մարդը պետք է ապրի այնտեղ, որտեղ նա իրեն հարմարավետ է զգում, որտեղ նա իրացված է, ունի բազմաթիվ հնարավորություններ իր անձի աճի և զարգացման համար։ Ինձ համար նշանակություն չունի մարդու կրոնական, ազգային, ռասայական պատկանելությունը, գլխավորը, որ նա լինի որակյալ, իսկ այդ հասկացությունը ինձ համար շատ ընդգրկուն է և բազմակողմանի։ Ապրելով Հայաստանում, մենք զրկված ենք լիարժեք աշխատելու հնարավորությունից։ Չնայած մենք՝ պլաստիկ վիրաբույժներս, նպատակասլաց եղբայրություն ենք։ Այսօր մեզ մոտ պացիենտներ են գալիս աշխարհի տարբեր երկրներից։ Մի խոսքով, բժշկական տուրիզմը Հայաստանում դե ֆակտո կայացել է, և դրանում մեծապես շնորհակալ ենք հենց պլաստիկ վիրաբույժներին։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ մեր երկրում բժշկության այս ոլորտի բարգավաճման համար, և դա, իմ կարծիքով, կարելի է նաև համարել հայրենասիրության դրսևորում։ Եվ, այնուամենայնիվ, այստեղ ինձ նեղ է, քանի որ չկա գիտական գիտելիքների զարգացման բավարար դինամիկա։

— Եկեք խոսենք Ձեր գործունեության մասին… Ի՞նչ նորագույն տեխնոլոգիաներ կան, որոնք ունակ են վերացնելու արտաքին տարիքային փոփոխությունները, այսինքն՝ վերադարձնելու մարդու կերպարին երիտասարդությունը։

— Դե, ընդհանրապես, ես կարծում եմ, որ երիտասարդությունը ներքին զգացողություն է, սակայն եթե խոսենք դրա ֆիզիկական կողմի մասին, ապա վաղուց ապացուցված է, որ ծերացման գործընթացը ներառում է երկու հիմնական բաղադրիչ. գրավիտացիոն պտոզը (հյուսվածքների իջեցումը, որը տեղի է ունենում երկրի ձգողության ուժի ազդեցության տակ) և ծավալի նվազումը՝ խոնավության կորստի հետևանքով։ Երիտասարդ օրգանիզմը հագեցած է ջրով, այդ պատճառով բոլոր օրգաններն ավելի առաձգական են, ուռած, բայց տարիների ընթացքում հյուսվածքների տուրգորը նվազում է, թուլանում, տեղի է ունենում օրգանների իջեցում, և արդյունքում մարդը սկսում է ծերացած տեսք ունենալ։ Պլաստիկ վիրաբույժի խնդիրն է դադարեցնել այդ գործընթացները, մեծացնել հյուսվածքների ծավալը և տուրգորը։ Իսկ դա այսօր հնարավոր է մի քանի եղանակներով, օրինակ, լիպոֆիլինգի միջոցով, այսինքն՝ սեփական ճարպի տեղափոխումը մարմնի մի մասից մյուսը, կամ բիոռեվիտալիզացիայի՝ մաշկի կոսմետիկ թերությունների շտկումը՝ դրա խորը շերտերը հիալուրոնաթթվով հագեցնելու միջոցով, ինչը ստեղծում է ոչ միայն լրացուցիչ ծավալ, այլև յուրօրինակ վերագործարկում է տալիս հյուսվածքներին։ Կան նաև բազմաթիվ նորագույն տեխնոլոգիաներ։ Ինչ վերաբերում է պտոզի դեմ պայքարի մեթոդներին, ապա դրանցից շատերը, թեև համարվում են նոու-հաու, բայց ունեն բազմադարյան պատմություն. նույն մաստոպեքսիան (կրծքագեղձի ձգումը), որն առաջին անգամ կիրառվել է դեռ 19-րդ դարում, կամ դեմքի ձգումը՝ ֆեյսլիֆտինգը։ Ի դեպ, այսօր մենք՝ պլաստիկ վիրաբույժներս, հաճախակի ենք դիմում ավելի խնայող մեթոդների։ Վիրաբուժությունը, այդ թվում նաև պլաստիկ վիրաբուժությունը, էվոլյուցիայի արդյունքում դարձել է մինիմալ ինվազիվ (անարյուն) և մինիմալ տրավմատիկ։ Ես միշտ ասում եմ իմ աշակերտներին, որ օրգանիզմ պետք է մտնել և դուրս գալ այնպես, որ այն չկռահի այդ մասին (ժպտում է)։ Ամբողջ իմաստությունը կայանում է նրանում, որ պետք է նվազագույն ջանքերով հասնել առավելագույն էֆեկտի։

— Առաջինը, ինչը, բացի դեմքից, մատնում է մարդու տարիքը, դա պարանոցն ու ձեռքերն են։ Ի՞նչ մեթոդներ կան մարմնի այդ հատվածներում տարիքային փոփոխությունների շտկման համար։

— Պարանոցի վիրաբուժական ձգումը (նեքլիֆտինգը) ֆեյսլիֆտինգի (դեմքի ձգման) անալոգիան է։ Դրան մենք դիմում ենք այն դեպքերում, երբ ոչ վիրաբուժական մեթոդները (թելային ձգում, պլազմապլաստիկա և այլն) դադարում են էֆեկտ տալ։ Այս վիրահատությունը կատարվում է ենթամաշկային պարանոցային մկանի վրա՝ դրա երկփեղկվածությունը վերացնելու և պարանոցի հատվածում մաշկը հարթելու նպատակով, ընդ որում հեռացվում են մաշկի ավելցուկները։ Նեքլիֆտինգը անհավանական երիտասարդացման էֆեկտ է տալիս։ Ինչ վերաբերում է ձեռքի դաստակների շտկմանը, ապա այստեղ ցանկալի արդյունքի կարելի է հասնել ոչ վիրաբուժական մեթոդներով, օրինակ, լիպոֆիլինգի միջոցով՝ սեփական ճարպի տեղափոխումը դաստակների հատված։

Դոկտոր Ենոքյան, համաձայն հին չինական ասացվածքի՝ «Գեղեցկությունը կնոջ իմաստությունն է, իսկ իմաստությունը՝ տղամարդու գեղեցկությունը»։ Ինչպես եք  վերաբերվում այն տղամարդկանց, ովքեր  ուշադիր են իրենց արտաքինի նկատմամբ, և նույնիսկ դիմում են պլաստիկ վիրաբուժությանը՝ դեմքն ու մարմինը երիտասարդացնելու համար։

— Շատ դրական։ Եթե մարդը չի հետևում իր արտաքինին, ապա նա անփույթ է իր աշխատանքում…

— Բայց չէ՞ որ արտաքինին հետևելը կարելի է առանց էսթետիկ բժշկության դիմելու, իսկ կնճիռները, երբեմն, տղամարդուն զարդարում են ոչ պակաս, քան սպիները…

— Դե, դա շատ անհատական է, լինում է, որ և զարդարում են՝ չեմ վիճի։ Սակայն ես ողջունում եմ այն տղամարդկանց, ովքեր ձգտում են միշտ երիտասարդ տեսք ունենալ։ Ահա երկրների կամ խոշոր կոնցեռնների ղեկավարների օրինակով. եթե մարդը երիտասարդ տեսք ունի, նա եռանդուն է և լի ուժերով, ապա նրա հետ ցանկալի է կապել ապագան։ Մյուս կողմից, երբ մարդը գիտակցում է, որ ինքն սկսել է ավելի երիտասարդ տեսք ունենալ, ապա բարձրանում է նրա ինքնագնահատականը, նա գտնվում է բարձր տրամադրության մեջ, հոգին երգում է, իսկ հետևաբար, նա դառնում է ավելի գործունակ, ավելի լավ է կատարում իր պարտականությունները։ Տեսնում եք, ինչպես է ամեն ինչ փոխկապակցված… Իհարկե, միայն էսթետիկ բժշկությունը քիչ է նման արդյունքի հասնելու համար, պետք է նաև առողջ ապրելակերպ վարել, սպորտով զբաղվել, ճիշտ սնվել։ Չէ՞ որ զուր չեն ասում. առողջ մարմնում, առողջ հոգի։

Դոկտոր Ենոքյան, ի՞նչ առարկաներից կարելի է կազմել Ձեր բառային դիմանկարը։

— Ինչքան էլ բանալ լինի, բայց դրանցից առաջինը իմ բժշկական խալաթն է։ Իմ շրջապատի բոլոր մարդիկ, առաջին հերթին, ինձ ընկալում են որպես բժիշկ։ Աստված մի արասցե, եթե ինչ-որ մեկի մոտ առողջական խնդիր է առաջանում, նախևառաջ զանգահարում են ինձ, և բոլորովին կարևոր չէ, դա իմ պրոֆիլն է, թե ոչ։ Ինձ բնութագրող երկրորդ բաղադրիչը բարությունն է։ Եթե ինչ-որ բան իմ ուժերի սահմաններում է, ապա ես միշտ կգամ օգնության։

Եթե հնարավորություն ունենայիք հարց տալ Աստժուն, ապա ի՞նչ կհարցնեիք։

— Արդյոք կլինի՞ մարդկության կյանքում մի ժամանակաշրջան, երբ աշխարհում կտիրի խաղաղությունը, թե՞ պատերազմները մեր կյանքի պարտադիր բաղադրիչներն են։

Իսկ Ձեր մասին ի՞նչ կհարցնեիք։

— Կա՞ արդյոք գործունեության մի ոլորտ, որտեղ ես կարող էի ավելի մեծ հաջողությունների հասնել, քան բժշկության մեջ։

Ի՞նչ պետք է տեղի ունենա օրվա ընթացքում, որ երեկոյան Դուք Ձեզ գոհունակ զգաք։

— Եթե իմ բոլոր պացիենտները գոհ են, ոչ ոք բողոքներ չունի, եթե ես եկել եմ տուն, իսկ այնտեղ ինձ դիմավորում է իմ երեխաների ուրախ ծիծաղը և սիրելի կնոջս ջերմ ժպիտը, նշանակում է, ամեն ինչ հրաշալի է, բոլորն առողջ են և երջանիկ, իսկ դա նշանակում է, որ երջանիկ եմ ես։

— Շնորհակալություն։

(հարցազրույցը հրապարակվել էր Ageless ամսագրի 2-րդ համարում)