Սիրտ—անոթային հիվանդությունները մահացության հիմնական պատճառն են ողջ աշխարհում: Սա արդիական խնդիր է շատ երկրների համար, այդ թվում նաև Հայաստանի: Այն մասին, թե ինչ հիվանդություններ են սպառնում մարդու սրտին, ինչն է հանգեցնում ինֆարկտի և անոթների վնասման, մեզ հետ զրուցում է ինվազիվ սրտաբան Նարինե Սահակի Գոջաբաշյանը:
— 1996 թվականը համարվում է միջամտական բժշկության դարաշրջանի սկիզբը Հայաստանում: Այս մեթոդի շնորհիվ շատ մարդիկ խուսափեցին լուրջ սրտանոթային հիվանդությունների զարգացումից: Չնայած որ այս պահից գրեթե քառորդ դար է անցել, դեռ շատերը սրտանոթային հիվանդությունների ախտորոշումը և թերապիան տեսնում են որպես անբացատրելի և առեղծվածային…
— Իրականում դա հենց այդպես է, և շատ հիվանդներ չեն կարող լիարժեք հասկանալ, թե ինչպես են ախտորոշվում և բուժվում սրտանոթային համակարգի հիվանդությունները կաթետերիզացիայի միջոցով: Սակայն որքան էլ որ դա դժվար լինի ընկալման համար, մենք՝ բժիշկներս, նախքան միջամտությունը մանրամասնորեն, հասկանալի լեզվով բացատրում ենք ամբողջ գործընթացը թե հիվանդին, թե նրա ընտանիքի անդամներին: Շատ հաճախ մեզ հարցնում են՝ ինչպես ենք մենք ներթափանցում սիրտի մեջ և ինչպե՞ս ենք տեղադրում սրտի անոթներում ստենտ: Պետք է ասել, որ բնությունը շատ խելացի է մտածել, և այդ սրտային անոթները, որոնք կոչվում են կորոնարային, գտնվում են արտաքին կողմում և կարծես պսակով շրջապատում են սրտի մկանները: Միայն շատ փոքր անոթներ, որոնք այդ անոթների «ճյուղերն» են, ներթափանցում են մկանների մեջ և սնուցում սիրտը: Երբ անոթը փակվում է, տեղի է ունենում իշեմիա, իսկ եթե սրտին թթվածին չի մատակարարվում 10 րոպեից ավելի, ապա դա արդեն հանգեցնում է ինֆարկտի: Այդուհետև տեղի է ունենում նեկրոզ (մեռուկացում) և սպիացում: Սպիացած հատվածը արդեն անհնար է վերականգնել, և սիրտը սկսում է անլիարժեք գործել : Մեր պայքարը՝ ինֆարկտի վտանգի բացահայտումն ու կանխարգելումն է, որպեսզի պահպանենք ամենաթանկը՝ սրտի մկանը: Իհարկե, մարդը կարող է ապրել նաև սրտի մկաննի կեսով, բայց այդ դեպքում նրա կյանքի որակը զգալիորեն կվատանա: Պատկերացրեք մի կառք, որը տանում են երեք ձիեր, եթե երկուսն ընկնեն, երրորդը կմնա միայնակ ու ուժասպառ կլինի: Նույնն է սրտի դեպքում. երբ ծանրաբեռնվածությունը շատ մեծ է առողջ հատվածի վրա, մկանները թուլանում են, և մարդու մոտ զարգանում է սրտի անբավարարություն: Այսպիսով, որպեսզի այս ամենը չլինի, ինֆարկտից հետո հիվանդները պետք է խիստ հետևեն բժշկի խորհուրդներին, ընդունեն այն դեղամիջոցները, որոնք աջակցում են սրտի առողջ հատվածին: Դուք հավանաբար լսել եք «Stent for Life» պետական ծրագրի մասին, որի շնորհիվ բոլոր «սուր ինֆարկտ» ախտորոշմամբ հիվանդներին անմիջապես անվճար բժշկական օգնություն է տրամադրվում՝ տեղադրվում է առանց ծածկույթի ստենտ վնասված անոթում: Սա արվում է՝ անոթը արագ բացելու և արյան շրջանառությունը վերականգնելու նպատակով: Անգլերեն տարբերակում համարվում է, որ հիվանդի վիրահատարան մուտք գործելու և ստենտը տեղադրելու միջև պետք է անցնի ոչ ավելի, քան 90 րոպե: Սա այն ոսկե ստանդարտն է, որը թույլ է տալիս կանխել լուրջ կորուստներ: Սա նման է նրան, երբ առավոտյան մոռացել եք ջրել ծաղիկը, և այն թառամում է, բայց երբ դուք կրկին ջրում եք այն, որոշ տերևները նորից կենդանանում են:
— Ինչպիսի՞ ախտանիշներ են ցույց տալիս, որ մարդը մոտ է ինֆարկտի վիճակին:
— Նախ՝ դա ճնշող ցավն է, որը փոխանցվում է ձախ կրծքավանդակի կեսին. թևին, ուսին, ստորին ծնոտին, պարանոցին: Որոշ հիվանդներ ասում են, որ այս պահերին նրանք զգում են մահվան հոտը: Ի՞նչ պետք է անել այս դեպքում: Ճիշտ է, շտապ հոսպիտալացում: Ի՞նչ են անում հայ հիվանդները: Շատ դեպքերում նրանք համբերում են, սա ես կոչում եմ «հայկական սինդրոմ»՝ կարող են խմել ինչ-որ հանգստացնող դեղամիջոց, նույնիսկ գնում են լոգանք ընդունելու: Եվ եթե բախտները բերի, նոպայից մի քանի ժամ անց սեփական ոտքով գալիս են բժշկի մոտ: Երբեմն մենք պարզապես ապշում ենք՝ ինչպե՞ս նրանց հաջողվեց ողջ մնալ այդ ամենից հետո: Ցավոք, Հայաստանում ինֆարկտով հիվանդները շատ հազվադեպ են մեզ մոտ հասնում ժամանակին, մինչդեռ, ըստ արձանագրությունների, եթե անոթը ստենտավորվի 4 ժամվա ընթացքում, ապա փրկվելու շանսերն ավելի շատ կլինեն:
— Տիկին Գոջաբաշյան, եթե չեմ սխալվում, ինֆարկտը իշեմիկ հիվանդության ձևերից մեկն է: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հիվանդությունը:
— Սրտի իշեմիկ հիվանդությունը ենթադրում է կորոնար զարկերակների աթերոսկլերոզային ախտահարում: Դրանք այն անոթներն են, որոնք սնում են սիրտը՝ մատակարարելով թթվածնով հարուստ արյուն: Դրա ամենահաճախակի պատճառը կորոնար զարկերակների աթերոսկլերոզն է՝ վահանիկների (бляшки) առաջացմամբ և անոթի լուսանցքի նեղացմամբ: Աթերոսկլերոզային վահանիկի առաջացման համար անհրաժեշտ է 0-ից մինչև 6 ամիս: Ընդ որում, որոշ դեպքերում այս գործընթացն ընթանում է անախտանիշ:
Իշեմիկ հիվանդության ռիսկի գործոններ կարող են լինել տարբեր տեսակի բորբոքումները, շաքարային դիաբետը, ճարպակալումը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, ժառանգական նախատրամադրվածությունը, նստակյաց կյանքը, գերհոգնածությունը կամ ուժեղ սթրեսը: Կապ չունի՝ սթրեսը դրական է, թե բացասական, քանի որ երկու դեպքում էլ տեղի է ունենում ադրենալինի արտանետում, ինչն իր հերթին հանգեցնում է տախիկարդիայի կամ սպազմի: Սրտի իշեմիայի վտանգը կայանում է նրանում, որ ժամանակին չբուժելու դեպքում զարգանում են ծանր բարդություններ, որոնց թվում առանձնացնում են միոկարդի ինֆարկտը, սրտի քրոնիկ անբավարարությունը և սրտի կծկումների ռիթմի խանգարումը:
—Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով “ժամանակին բուժում”՝ դեղորայքային բուժո՞ւմ, ստենտավորո՞ւմ, թե՞ շունտավորում:
— Անկախ բուժման տեսակից՝ լինի դա թերապիա (դեղորայքային բուժում), թե ինտերվենցիոն կամ վիրահատական միջամտություն, մեր նպատակն է կանխել ինֆարկտը և դրա հետևանքները, որոնք ոչ միայն վատթարացնում են հիվանդի կյանքի որակը, այլև կարող են հանգեցնել ծանր հաշմանդամության և նույնիսկ մահվան:
— Տիկին Գոջաբաշյան, արդյո՞ք ստենտավորումը և շունտավորումը բուժման այլընտրանքային մեթոդներ են:
— Եկեք տեսնենք, թե ինչ է շունտավորումը: Դա բավականին բարդ վիրահատություն է բաց սրտի վրա, որը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Դրա տևողությունը կախված է բարդությունից և կարող է տևել երեքից վեց ժամ: Շունտավորումը հիմնականում կատարվում է զարկերակների բազմակի ախտահարման, կորոնար զարկերակների 70%-ից ավելի նեղացման կամ ձախ պսակաձև զարկերակի 50%-ից ավելի նեղացման դեպքում:
Իսկ ստենտավորումը քիչ ինվազիվ վիրահատություն է, և միջամտությունը կատարվում է մարմնի վրա փոքրիկ անցքի միջոցով (3 մմ-ից ոչ ավելի տրամագծով), որի մեջ տեղադրվում է կաթետերը: Վիրահատությունը ընդհանուր նարկոզի կարիք չունի. բավական է տեղային անզգայացումը: Հիվանդը գիտակից վիճակում է, և կարիք չկա երկար ժամանակ մնալ ստացիոնարում: Արդեն 1-3 օր հետո, նորմալ ցուցանիշների դեպքում, հիվանդը դուրս է գրվում հիվանդանոցից:
Մինչ վիրահատություն նշանակելը՝ լինի դա ստենտավորում, թե շունտավորում, մենք ամենայն մանրամասնությամբ հիվանդին և նրա հարազատներին բացատրում ենք, թե ինչ է իրենից ներկայացնում հիվանդությունը, ինչի կարող է հանգեցնել այն, ինչ կլինի, եթե ժամանակին չմիջամտենք, որոնք են ցուցումներն ու հակացուցումները, ինչ ռիսկեր ու բարդություններ կարող են լինել այս կամ այն միջամտության ժամանակ և այլն: Հիվանդները պետք է տեղեկացված լինեն ամեն ինչի մասին, որպեսզի մասնակցեն որոշման կայացմանը…
— Այսինքն՝ այս կամ այն բուժման մեթոդի ընտրությունը թողնում եք հիվանդի և նրա ընտանիքի հայեցողությա՞նը:
— Միայն այն դեպքում, երբ չկան շունտավորման բացարձակ ցուցումներ։ Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ անոթների ախտահարման դեպքում մենք խորհուրդ ենք տալիս կատարել բաց վիրահատություն, սակայն չկան նաև կլինիկական արձանագրություններ, որոնք արգելում են մի քանի ստենտ տեղադրել (յուրաքանչյուր ախտահարված անոթի մեջ)։ Երբ պացիենտը կատեգորիկ դեմ է բաց վիրահատությանը, այսինքն՝ շունտավորմանը, այդ դեպքերում ես առաջարկում եմ այլընտրանքային լուծում՝ ստենտավորում։ Եթե այդ ճանապարհով հնարավոր է հասնել մեր գլխավոր նպատակին, այն է՝ նվազագույնի հասցնել միոկարդի ինֆարկտի առաջացման ռիսկերը, ապա ինչո՞ւ ոչ։ Այսօր ինտերվենցիոն բժշկությունը մշտապես գտնում է լուծման նոր ուղիներ, և երբեմն, եթե անհրաժեշտ է լինում, մենք ստենտներ ենք տեղադրում նույնիսկ շունտերի մեջ։ Ամեն ինչ շատ անհատական է և կախված է հիվանդի անոթների որակից։ Շատ կարևոր է, որ պացիենտը գիտակցի՝ հիվանդության պատճառը թաքնված է իր օրգանիզմի ներսում։ Չէ՞ որ ոմանք ունեն նախատրամադրվածություն սիրտ-անոթային հիվանդությունների հանդեպ, իսկ մյուսները՝ ոչ։ Ի դեպ, այս հարցում շատ կարևոր է ժառանգական գործոնը։
— Տիկին Գոջաբաշյան, ժողովրդի մեջ տարածված է կարծիք, որ կանայք ավելի քիչ են հակված սիրտ-անոթային հիվանդությունների, մասնավորապես՝ ինֆարկտի։ Արդյո՞ք այս պնդումը համապատասխանում է իրականությանը։
— Ցավոք, դա այնքան էլ այդպես չէ, քանի որ կանայք դաշտանադադարի (մենոպաուզա) սկսվելուն պես դառնում են պոտենցիալ հիպերտոնիկներ, իսկ դա նշանակում է, որ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը տարիքի հետ կտրուկ աճում է։ Ընդ որում, սրտի նոպաների դեպքում մեծանում է նաև ծանր բարդությունների (ինսուլտի և ինֆարկտի) զարգացման հավանականությունը, որոշ դեպքերում՝ նաև մահվան ելքով։ Սակայն սխալ է կարծել, թե մինչև դաշտանադադարը կինը ապահովագրված է սիրտ-անոթային հիվանդություններից, այդ թվում՝ ինֆարկտից։ Վերջին շրջանում այս հիվանդությունը զգալիորեն «երիտասարդացել է»։ Հազվադեպ չեն կանանց ինֆարկտի դեպքերը 40 և նույնիսկ 35 տարեկանում՝ բնականոն դաշտանային ցիկլի պայմաններում։ Եվ սա առաջին հերթին կապված է կանանց անկայուն էմոցիոնալ ֆոնի հետ։ Բժշկությանը հայտնի է այնպիսի հիվանդություն, ինչպիսին է Տակոցուբո կարդիոմիոպաթիան, որն այլ կերպ անվանում են «կոտրված սրտի սինդրոմ»։ Հիվանդության գլխավոր նշաններից մեկը սրտամկանի կծկողականության կտրուկ անկումն է, որը շատ դեպքերում առաջանում է ուժեղ էմոցիոնալ սթրեսների պատճառով։ Ի՞նչ ենք տեսնում այս սինդրոմի ժամանակ. լիովին մաքուր անոթներ ունեցող կինը կարող է ինֆարկտ ստանալ։ Ուժեղագույն էմոցիոնալ լարվածությունը կարող է հանգեցնել նաև Պրինցմետալի ստենոկարդիայի զարգացմանը։ Այն առաջանում է խոշոր կորոնար զարկերակների սպազմի հետևանքով, մինչդեռ անոթների վիճակը լինում է լիովին նորմալ։ Այս հիվանդությունն ընթանում է սեղմող ցավի տևական և ծանր դրվագներով, որոնց նոպաները, որպես կանոն, տեղի են ունենում գիշերը կամ վաղ առավոտյան։ Եթե ժամանակին օգնություն չցուցաբերվի, և սպազմը տևի 15 րոպեից ավելի, ապա դա կարող է հանգեցնել միոկարդի ինֆարկտի։
— Իսկ ի՞նչ կասեք ինսուլտի մասին։ Ժողովրդի մեջ կա նաև տեսակետ, որ, ի տարբերություն ինֆարկտի, ինսուլտին ավելի հաճախ հակված են ցածր ճնշում ունեցող կանայք։ Արդյո՞ք դա այդպես է։
— Եկեք նախ դիտարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում ինսուլտը։ Դա ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է, որը հանգեցնում է գլխուղեղի օջախային ախտահարման։ Այն կարող է լինել իշեմիկ կամ հեմոռագիկ (արյունազեղումային) բնույթի։ Առաջին դեպքում ինսուլտի պատճառը ուղեղի որոշակի հատված սնուցող զարկերակի խցանումն է։ Նման դեպքերում մենք տեսնում ենք ուղեղի իշեմիա։ Ժողովրդական լեզվով ասած՝ իշեմիան «սով» է։ Արյան բնականոն հոսքի խանգարման դեպքում վատանում է գլխուղեղի նյարդային բջիջների սնուցումը, ինչը խիստ վտանգավոր է, քանի որ օրգանն աշխատում է թթվածնի և գլյուկոզայի մշտական մատակարարման հաշվին։ Երկրորդ սցենարը արյունազեղումն է ուղեղի մեջ, որը տեղի է ունենում անոթի պատռվելու պատճառով։ Սա նույնպես ինսուլտ է, բայց հեմոռագիկ։ Ինչպես տեսնում եք, երկու դեպքում էլ պատճառը անոթների ախտահարումն է՝ դրանց խցանումը կամ պատռվածքը։
Իհարկե, շատ դեպքերում անոթների ախտահարությունը պայմանավորված է լինում բարձր զարկերակային ճնշմամբ։ Բայց արդյո՞ք բոլոր հիպերտոնիկները գիտեն իրենց խնդրի մասին։ Որպես բժիշկ՝ պետք է փաստեմ, որ որոշ մարդկանց մոտ զարկերակային ճնշման բարձրացումը (նույնիսկ մինչև 200 մմ սնդիկի սյուն) ընթանում է անախտանիշ։ Իսկ եթե չկան ախտանիշներ, ապա ճնշումը չափելու անհրաժեշտություն չկա. այսպես են կարծում շատերը։ Եվ ահա պատկերացրեք, որ նման մի «հիպոտոնիկի» հանկարծակի չափում են ճնշումը։ Բնականաբար, նա խուճապի է մատնվում և վազում բժշկի։ Հետազոտությունից հետո մենք տեսնում ենք, թե որքան բարձիթողի վիճակում են նրա անոթները, և որ դրանք ցանկացած պահի կարող են դառնալ ինչպես ինֆարկտի, այնպես էլ ինսուլտի պատճառ։ Մյուս կողմից՝ զարկերակային ճնշման կտրուկ անկումը՝ կապված այս կամ այն օրգանների աշխատանքի խափանման հետ, կարող է բերել անոթների նեղացման, ինչն էլ իր հերթին կարող է պատճառ դառնալ դրանց պատռվելուն։ Եթե պատռվածքը տեղի է ունեցել, մեր օրգանիզմը շտապում է կանգնեցնել արյունահոսությունը, և դրա համար պատռված հատվածում առաջանում է թրոմբ, որը վերջնականապես փակում է անոթի լուսանցքը, ինչն էլ հանգեցնում է ինսուլտի։ Ահա թե ինչու է շատ կարևոր 35 տարեկանից հետո թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար կանոնավոր չափել ճնշումը, գոնե տարին մեկ անգամ կատարել էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) կամ սրտի ուլտրաձայնային հետազոտություն (ԷխոՍԳ)։
— Տիկին Գոջաբաշյան, իսկ հիմա եկեք մի փոքր խոսենք Ձեր մասին։ Ինչո՞ւ որոշեցիք բժիշկ դառնալ։
— Դա հին պատմություն է (ծիծաղում է)։ Մեծերի պատմելով՝ ես շատ ակտիվ երեխա եմ եղել և անընդհատ վնասվածքներ էի ստանում։ Իմ 6-ամյակի օրը կոտրեցի ձեռքս և տեղափոխվեցի հիվանդանոց։ Այստեղ ես պարզապես սիրահարվեցի իմ բուժող բժշկին։ Դուրս գրվելուց հետո սկսեցի բոլորին ասել, որ ուզում եմ բժիշկ դառնալ և նմանվել Օֆելյա Համբարձումովնային. մինչ օրս հիշում եմ նրա անունը։ Ժամանակի ընթացքում երազանքս վերածվեց նպատակի, ընդունվեցի բժշկական ինստիտուտ, սովորում էի մեծ հաճույքով։ Չնայած այն հանգամանքին, որ երիտասարդությունս համընկավ մեր երկրի համար շատ ծանր ժամանակաշրջանի հետ, ես շատ շնորհակալ եմ ճակատագրին իմ մասնագիտական ուղու համար, որտեղ հանդիպել եմ մարդկանց, ովքեր նպաստել են իմ կայացմանը որպես բժիշկ, դռներ են բացել իմ առջև, այլ ոչ թե խանգարել ու խոչընդոտներ ստեղծել։ Ինտերնատուրան անցել եմ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, այնուհետև աշխատել եմ «Նորք-Մարաշ» սրտաբանության և սրտային վիրաբուժության բժշկական կենտրոնում, որտեղ Կարինե Վարդանի Սարգսյանը դռներ բացեց իմ առջև դեպի սրտաբանություն, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան։ Հենց այնտեղ ես ծանոթացա հայտնի սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի և նրա թիմի հետ, և այնտեղ տեղի ունեցավ իմ մասնագիտական վերելքը։ 1999 թվականին մեկնեցի վերապատրաստման Ֆրանսիա։ Դա ինձ համար հրաշալի, անգնահատելի փորձ էր։ Դրանից հետո՝ 2003 թվականին, հրավերով սկսեցի աշխատել «Էրեբունի» հիվանդանոցում, իսկ այնուհետև տեղափոխվեցի «Աստղիկ» ԲԿ, որտեղ աշխատում եմ մինչ օրս։
— Իսկ ինչո՞ւ հենց սրտաբանություն, չէ՞ որ դա բժշկության չափազանց բարդ բնագավառ է։
— Սրտաբանությունն ինձ համար նվեր է։ Ի սկզբանե որպես մասնագիտացում ընտրել էի նյարդավիրաբուժությունը, և իմ ղեկավարն ու ուսուցիչը Անդրանիկ Իշխանի Քալայջյանն էր։ Հինգ տարի շարունակ ինտենսիվ ուսումնասիրում էի նյարդավիրաբուժություն, հերթապահում էի հիվանդանոցում, ներկա էի լինում վիրահատությունների, բայց մի օր Անդրանիկ Իշխանովիչն ասաց, որ նյարդավիրաբուժությունը կնոջ մասնագիտություն չէ, և խորհուրդ տվեց այլ մասնագիտացում ընտրել։ Անկեղծ ասած, ես շնորհակալ եմ նրան այդ խորհրդի համար։ Դրանից հետո իմ առջև բացվեցին սրտաբանության դռները…
— Տիկին Գոջաբաշյան, իսկ վախենալու չէ՞ աշխատել սրտի հետ։ Չէ՞ որ այն մեր օրգանիզմի կարևորագույն օրգանն է։
— Բժշկությունն առհասարակ շատ բարդ գիտություն է, և բացարձակ կապ չունի, թե որ օրգանի մասին է խոսքը. մարդու օրգանիզմի կենսագործունեության համար բոլոր օրգաններն էլ կարևոր են։ Եթե կա խնդիր, և դու հիվանդ ես, ապա բոլորովին կարևոր չէ, թե ինչդ է ցավում։ Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր առանձնահատկությունները… Ահա, ինտերվենցիոն սրտաբաններն աշխատում են կրծքի տակ բաբախող սրտի հետ…
— Իսկ Դուք Ձեզ համարձակ մարդ համարո՞ւմ եք։
— Այո՛, թերևս համարձակ մարդ եմ, այլապես չէի կարողանա ճանապարհ հարթել այս «տղամարդկային» մասնագիտության մեջ (ծիծաղում է)։ Բայց բժշկի համար գլխավորը դա չէ։ Երբ նոր էի սկսում, իմ առջև նպատակ դրեցի. եթե կարողանամ, ապա պետք է գնամ մինչև վերջ, քանի որ բժշկությունը չի հանդուրժում միջակություն։ Բժիշկ լինելու համար պետք է օժտված լինել մի շարք հատկանիշներով. առաջինը, իհարկե, մարդասիրությունն է, նաև շատ կարևոր են համբերատարությունը, բարեխղճությունը, ինտուիցիան, դիմացկունությունը, ձեռքերի հմտությունը և այլն։
— Տիկին Գոջաբաշյան, որո՞նք կլինեն Ձեր մաղթանքները մեր ընթերցողին։
— Ուզում եմ, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն իրենց և իրենց հարազատների հանդեպ։ Որպես բժիշկ՝ ցանկանում եմ, որ կանխարգելումը մտնի մեր արյան մեջ, որպեսզի մենք պարբերաբար անցնենք կանխարգելիչ ախտորոշում և խորհրդակցենք մասնագետների հետ, հատկապես, երբ խոսքը սրտի մասին է։ Իսկ նաև ուզում եմ բոլորին մաղթել առողջություն և բարօրություն։
— Շնորհակալություն։