Պլազմոլիֆտինգ. թրոմբոցիտներով հարստացված աուտոլոգիական պլազմայի (Աուտո-ԹՀՊ) կիրառումը դեմքի մաշկի տարիքային փոփոխությունների շտկման համար

Խորագիրի հյուրն է մաշկավեներաբան Անի Կարագադյանը՝ Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի ասիստենտ (ք. Մոսկվա):

 Մաշկի ծերացումը (ժամանակագրական և ֆոտոծերացումը) բարդ, բազմագործոն և անխուսափելի գործընթաց է, որն ուղեկցվում է մաշկի բիոմեխանիկական հատկությունների և դրա կառուցվածքային-ֆունկցիոնալ կազմակերպվածության ռեգրեսիվ փոփոխություններով:

Ինչո՞վ է պայմանավորված ԱուտոԹՀՊի կիրառման արդիականությունը

Մաշկի տարիքային փոփոխություններն օրգանիզմի ծերացման առաջին տեսանելի նշաններից են, և այդ առումով մաշկի ծերացման խնդիրը արդիական է մնում արդեն շատ սերունդների համար: Վերջին շրջանում նկատվում է դեմքի մաշկի արտաքին տեսքի զգալի ազդեցությունը մարդու սոցիալական բարեկեցության, հասարակության մեջ հարմարվողականության և կյանքի որակի վրա: Դեմքի մաշկի ինվոլյուցիոն (հետաճային) փոփոխությունների հիմնական նշաններն են տուրգորի նվազումը, կնճռոտվածությունը և տարիքային դեֆորմացիան:

Ներկայումս բժշկության տարբեր ոլորտների մասնագետներ՝ ոչ միայն մաշկաբաններ և կոսմետոլոգներ, այլև պլաստիկ վիրաբույժներ, ախտահյուսվածաբաններ, ախտաֆիզիոլոգներ և գենետիկներ, ակտիվորեն զբաղվում են այս խնդրով՝ մշակելով շտկման տարբեր մեթոդներ և միջոցներ:

Բժշկության զարգացման արդի փուլում դեմքի մաշկի ինվոլյուցիոն փոփոխությունների շտկման մեթոդներին ներկայացվող պահանջներն են՝ անվտանգություն, կողմնակի ազդեցությունների և բարդությունների բացակայություն, նվազագույն վերականգնողական շրջան, անվնասություն, ինչպես նաև տնտեսական նպատակահարմարություն:

Այս բոլոր պահանջներին համապատասխանում է թրոմբոցիտներով հարուստ աուտոլոգիական պլազմայի ներմաշկային ներարկման մեթոդը՝ որպես բջջային միտոգենների (PDGF, TGF, VEGF և IGF) աղբյուր, որոնք խթանում են դերմայի ֆիբրոբլաստների պրոլիֆերատիվ (բազմացման) և սինթետիկ ակտիվությունը:

Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել ԱուտոԹՀՊի կիրառումից հետո

Աուտո-ԹՀՊ բուժման կուրսից հետո կարելի է նկատել դեմքի մաշկի գույնի և ռելիեֆի զգալի բարելավում, մանր կնճիռների նվազում, մաշկի խոնավեցում և սնուցում, ակնեի և պոստակնեի վերացում, ծերացման և թառամման գործընթացների դանդաղեցում, տուրգորի և առաձգականության բարձրացում, ինչպես նաև դեմքի մաշկի միկրոշրջանառության բարելավում:

Որքա՞ն է տևում ԱուտոԹՀՊ բուժման կուրսը

Դեմքի մաշկի ինվոլյուցիոն փոփոխությունների շտկման կուրսի առաջարկվող տևողությունը 3-5 միջամտություն է՝ 7-10 օրը մեկ անգամ ընդմիջումով: Պահպանողական միջամտությունները (1-2 այցելություն) կարող են իրականացվել 3-6 ամիսը մեկ անգամ:

Կարելի՞ է արդյոք պլազմոլիֆտինգը համակցել այլ միջամտությունների հետ

 Մեթոդիկան ունիվերսալ է և կարող է կիրառվել ոչ միայն որպես մոնոթերապիա, այլև հետևյալ մեթոդների հետ համակցված.

  • Լազերային թերապիա
  • Ֆոտոերիտասարդացում
  • Ռադիոալիքային լիֆտինգ (RF)
  • Քիմիական պիլինգներ
  • Կոնտուրային պլաստիկա
  • Թելային լիֆտինգ
  • Նախապատրաստում և վերականգնում պլաստիկ վիրաբուժության մեջ

Ի՞նչ հակացուցումներ ունի այս միջամտությունը

  • Հղիություն, կրծքով կերակրում
  • Ուղեկցող հիվանդությունների առկայություն՝ արյան համակարգային հիվանդություններ, հեպատիտ B և C, ՄԻԱՎ վարակ, շաքարային դիաբետ, ինֆեկցիոն հիվանդություններ, իմունային համակարգի հիվանդություններ, բարձր ջերմություն, լյարդի քրոնիկ հիվանդություններ
  • Չարորակ նորագոյացություններ
  • Հեպարինի նկատմամբ անհատական անտանելիություն
  • Հակակոագուլյանտների (արյունը ջրիկացնող դեղամիջոցների) ընդունում