Բաժին(ներ)` ,

Սոֆի Դևոյան՝ հայկական պարի թագուհին

Սոֆի Դևոյան… Նրան ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից հեռու: Ավելի քան կես դար նրա  արվեստը շարունակում է հուզել Տերպսիքորայի երկրպագուների սրտերը: Նրան անվանում են «Հայկական պարի թագուհի»: Չնայած նրան, որ Սոֆին արդեն 70-ն անց է, նա շարունակում է ելույթ ունենալ բեմում, նկարահանվել տեսահոլովակներում՝ բոլորին զարմացնելով իր նրբագեղությամբ ու պլաստիկայով, ձեռքերի սահուն ու վիրտուոզ շարժումներով, թագավորական կեցվածքով՝ լուսավորելով բոլորին իր անսպառ հմայքով:

— Տիկին Սոֆի, ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի երեկոյան Դուք ասեք. «Ինչպիսի՜ լավ օր էր այսօր»:

— Եթե երեկոյան բոլորն առողջ են, բոլորը լավ տրամադրություն ունեն, եթե հասցրել ես որևէ նշանակալի բան անել, և օրն իզուր չի անցել, ուրեմն դա շատ լավ օր է: Պետք է խոստովանեմ, որ նման օրեր ինձ մոտ շատ հաճախ են լինում: Որովհետև պետք է յուրաքանչյուր օրն ապրել վայելքով: Չէ՞ որ սա կյանք է, այլ ոչ թե փորձ:

— Իսկ ի՞նչն է այսօր Ձեզ ամենից շատ ոգեշնչում կյանքում:

— Ինձ այսօր և միշտ ոգեշնչում է սիրո վիճակը, ես ամեն ինչ անում եմ սիրով: Կարծում եմ՝ ինձ համար դժվար կլիներ առանց այդ վիճակի: Չէ՞ որ ես պարային դպրոցներ ունեմ ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Պետք է ամենուր հասցնել, ամեն ինչին հետևել, և այդ ամենն ինձ հաջողվում է այն բանի շնորհիվ, որ ես ամեն ինչ անում եմ սիրով՝ երեխաների հանդեպ, որոնց նվիրել եմ իմ ողջ կյանքը, պարի հանդեպ, որն իմ ամբողջ կյանքի գործն է: Այսօր մենք շատ նախագծեր ենք իրականացնում, նոր ներկայացումներ բեմադրում:

— Ձեր էներգիային, ճաշակին, Ձեզ մատուցելու կարողությանը կարող են նախանձել շատ երիտասարդներ: Ինչպե՞ս է Ձեզ դա հաջողվում:

— Դե, չգիտեմ (ծիծաղում է)… Հավանաբար ինձ այդ հարցում օգնում են իմ ընտանիքի անդամները, առաջին հերթին՝ ամուսինս, ինչպես նաև բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ շրջապատում են: Կենսախինդ լինելուն ինձ օգնում է երիտասարդների հետ շփումը: Երբ տեսնում եմ իմ աշակերտներին, նրանց փայլող աչքերը, որոնք լի են սիրով իմ հանդեպ, ես չեմ կարող անտարբեր անցնել: Եվ ընդհանրապես, ես շատ շփվող մարդ եմ, բայց չեմ սիրում «թուսովկաներ», որովհետև դրանք ինձ համար ինչ-որ «ունայնության տոնավաճառ» են: Ես սիրում եմ կամերային միջավայր, օրինակ՝ ակումբներ, որտեղ կարելի է նստել անդորրի ու հարմարավետության մթնոլորտում և լիարժեք շփվել ընկերների հետ, և, ինչու՞ ոչ, բլոտ խաղալ: Այդ ամենն ինձ էներգիայով է լիցքավորում՝ իմ կյանք բերելով նոր գույներ և դարձնելով այն ավելի լիարժեք ու հագեցած:

— Տիկին Սոֆի, իսկ Դուք մի՞շտ գիտեիք, որ գեղեցիկ աղջիկ եք մեծանում, թե՞ Ձեր կյանքում եղել է «անճոռնի ճուտիկի» շրջան:

— Ո՛չ, ի՞նչ եք ասում: Ես միշտ՝ հենց մանկուց, փայփայված եմ եղել համընդհանուր ուշադրությամբ: Ես ապրել եմ Ռուսաստանում և սլավոնական գեղեցկության մեջ միշտ առանձնացել եմ իմ վառ գույներով, շքեղ մազերով, արտահայտիչ հայկական աչքերով: Մի խոսքով, վաղ մանկությունից ես սովորել եմ շրջապատի ուշադրությանը: Միևնույն ժամանակ, ես հասկանում էի, որ պետք է աշխատել ինքդ քեզ վրա, զարգանալ, կատարելագործվել, հետևել քեզ, որպեսզի չկորցնես այն, ինչ տրված է բնության կողմից: Այսօր ամեն ինչ այլ է, ամեն ինչ արհեստական է: Երբեմն նայում եմ որոշ երիտասարդների և իսկապես ափսոսում եմ նրանց: Ինչպե՞ս կարելի է այդպես կորցնել սեփական անհատականությունը: Բոլորն ունեն իդեալական քթեր, հրաշալի շուրթեր, այտոսկրեր՝ ամեն ինչ այնքան «արված» է ու արհեստական: Եվ հանկարծ ես տեսնում եմ մի աղջկա, գուցե ոչ իդեալական դիմագծերով, բայց նա ինձ համար այնքան «ազնվացեղ» է, այնքան արտասովոր, նա ունի մի տեսակ վայրի գեղեցկություն, և դա ինձ ավելի է գրավում: Ես կցանկանայի, որ մեր երիտասարդ աղջիկները չկորցնեին իրենց անհատականությունը: Դա այն է, ինչը կարող է իսկապես գրավել: Այսօր, երբ ես արդեն շատ-շատ տարեկան եմ (թեև ինձ բոլորովին այդպես չեմ զգում), ես շարունակում եմ զգալ շրջապատի ուշադրությունը և՛ սոցիալական ցանցերի միջոցով, և՛ տեսնում եմ երկրպագուներին, ովքեր կանգնում են դպրոցի մոտ՝ ինձ հաճոյախոսություն անելու համար: Դա երբեմն նույնիսկ զարմացնում է ինձ. այսօր ես արդեն այսքան հասուն մարդ եմ, իսկ երիտասարդ տղաները ինձ այդքան հաճոյախոսություններ են անում: Դա չի կարող հաճելի չլինել և օգնում է միշտ լինել մարզավիճակում ու թույլ չտալ թուլանալ:

— Իսկ ինչպե՞ս եք Դուք խնամում Ձեզ, կկիսվե՞ք ընթերցողի հետ Ձեր «ֆիրմային» բաղադրատոմսերով:

— Հավանաբար չեք հավատա, բայց այդ հարցում ես այնքան քիչ ուշադրություն եմ դարձնում ինձ: Մազերս ինքս եմ ներկում, սանրվածքներս ինքս եմ անում, ինչ-որ դիմակներ ինքս եմ պատրաստում: Այո, ես օգտագործում եմ հատուկ սնուցող քսուքներ՝ պատրաստված բնական բաղադրիչներից, դե իսկ ինչպե՞ս առանց դրա: Իհարկե, հատուկ դեպքերում, օրինակ՝ նկարահանումների համար, ես վստահում եմ պրոֆեսիոնալ դիմահարդարներին, իսկ առօրյայում շատ հազվադեպ եմ գնում սալոններ: Բայց դա չի նշանակում, որ ես ինձ չեմ հետևում, ընդհակառակը: Առավոտյան ես անպայման մարմնամարզությամբ եմ զբաղվում, իսկ եթե չեմ հասցնում, ապա օրվա ընթացքում լրացնում եմ այդ բացը, ընդունում եմ կոնտրաստային ցնցուղ, պարբերաբար մարզասարքով քայլում եմ մեկ կիլոմետր, երբեմն ավելի, տանը յոգայով եմ զբաղվում՝ դարձյալ ինքնուրույն: Քիչ եմ ուտում: Երբեք շատակերությամբ չեմ տառապել, միշտ գիտեի, որ պետք է ուտել քիչ-քիչ, բացառությամբ նռան, որը պաշտում եմ և կարող եմ անվերջ ուտել:

— Իսկ եթե լինում է վատ տրամադրություն, ինչպե՞ս եք պայքարում դրա դեմ:

— Աշխատում եմ, որ այն չլինի: Երբ տանը խաղաղություն է, տիրում է սերը, չկան կոնֆլիկտներ, երբ վեճերը կապված են միայն ստեղծագործության հետ՝ դա այնքա՜ն հետաքրքիր է ու հափշտակող: Իհարկե, աշխատանքի բերումով լինում է, որ երեխաները կարող են քեզ չհասկանալ, և դու բարկանաս, բայց չէ՞ որ դա ակնթարթային է: Ես բնույթով շատ հանգիստ մարդ եմ, թեև շատ էներգիկ եմ: Ես ընդհանրապես իրարանցում ստեղծող մարդկանց չեմ սիրում: Բնականաբար, վատ տրամադրությունից ոչ ոք ապահովագրված չէ, բայց, համենայն դեպս, ես աշխատում եմ դա ցույց չտալ շրջապատին. ոչ ոք պարտավոր չէ տեսնել քո մռայլ, տխուր դեմքը, ընդհակառակը՝ քո վրա պետք է լինի երջանկության ու դրականի կնիքը:

— Իսկ ունե՞ք սովորություններ, որոնք Ձեզ երբեմն խանգարում են կյանքում, և որոնցից կցանկանայիք ազատվել:

— Կան, բայց ես չեմ ուզում դրանցից ազատվել: Ես շատ բարի եմ, և բոլորն ինձ ասում են, որ այդպես չի կարելի: Միգուցե բարությունս ինձ երբեմն խանգարում է լինել ավելի օբյեկտիվ, բայց ես չեմ ուզում փոխվել, որովհետև ես այսպիսին եմ, դե ի՞նչ անենք: Ինքդ քեզ փոխել հիմա՝ այս տարիքու՞մ: Երբ երիտասարդ ես, քեզ համար շատ կարևոր է հանրային գնահատականը, դու անընդհատ մտածում ես, թե քո մասին ինչ կասեն, ինչպես կգնահատեն: Իսկ հիմա ես մտածում եմ. թող իրենք հիմա մտածեն, թե ես իրենց մասին ինչ կմտածեմ, թող հիմա իրենք անհանգստանան (ծիծաղում է):

— Տիկին Սոֆի, ոչ ոք Ձեզ Ձեզնից լավ չի ճանաչում: Ինչպե՞ս եք կարծում, Դուք ուժե՞ղ, թե՞ թույլ կին եք:

— Ո՛չ, ես թույլ կին չեմ: Ես ուժեղ մարդ եմ, և ես դա գիտեմ ու նույնիսկ հպարտանում եմ դրանով: Միևնույն ժամանակ, ես հայրապետության (պատրիարխատի) կողմնակից եմ: Ես սիրում եմ, երբ տանը տղամարդն է գլխավորը, սիրում եմ լսել նրա կարծիքը, հաշվի նստել դրա հետ, ինձ դուր չեն գալիս հրամայող կանայք, որովհետև կինը պետք է լինի իր տեղում: Կարծում եմ, որ բարձր խելքի նշան է ներողամտությունը, կոմպրոմիսների գնալու կարողությունը: Ես աշխատում եմ երբեք ցույց չտալ ուժս, ես այդպիսի կերպար ունեմ: Երբեմն ես ինչ-որ տեղ եմ մտնում, և բոլոր տղամարդիկ ոտքի են կանգնում: Չգիտեմ՝ ինչպե՞ս է այդպես ստացվում (ծիծաղում է): Այ նաև գիտեմ, որ խելացի կինն այն է, ով կարող է իրեն հասարակության մեջ դրսևորել որքան ասես հիմար ձևով (ծիծաղում է):

— Իսկ ի՞նչ թուլություններն են սազում ուժեղ կնոջը:

— Նա պետք է կարողանա ներողություն խնդրել, եթե սխալ է, պետք է լինի անկեղծ, պետք է ապրի այն մարդու կյանքով, ում նվիրել է իրեն, սիրի նրա ներաշխարհը, նրա սիրած զբաղմունքները, ապրի դրանով: Պետք է թույլ տալ տղամարդուն խնամել քեզ, ընդունել նրա օգնությունը: Չէ՞ որ թուլությունն այնքան է սազում ուժեղ կնոջը (ժպտում է): Այլ բան է անճարակ կինը, ահա դա ես հասկանալ չեմ կարող: Ինձ համար ծիծաղելի է, երբ կինն ասում է. «Օյ, ես դա չեմ կարողանում»: Օրինակ՝ չի կարողանում ասեղը ձեռքը վերցնել կամ ճաշ պատրաստել… Ինձ համար չկա «չեմ կարող» հասկացություն, կա «չեմ ուզում» հասկացություն: Ամեն ինչ կարելի է սովորել, ամեն ինչ անել, միայն թե լինի ցանկություն:

— Իսկ կա՞ն Ձեզ համար կանայք՝ գեղեցկության կուռքեր, որոնցով Դուք հիանում եք:

— Այո, իհարկե: Դա Սոֆի Լորենն է, և ոչ այն պատճառով, որ մենք անվանակիցներ ենք (ծիծաղում է): Նրա կերպարը, վերաբերմունքը կյանքին, արժանապատվությունը հիացմունքի են արժանի: Նայեք, նա միշտ ԿԻՆ է՝ ցանկացած դերում, և նույնիսկ երբ տնային հողաթափերով է, կարող է անցնել այնպիսի նրբագեղ քայլվածքով, կարծես բարձրակրունկների վրա լինի: Այդպիսին է նա: Կյանքի ցանկացած իրավիճակում կինը միշտ պետք է բարձր պահի իրեն: Ես իմ սաներին ասում եմ, որ նույնիսկ երբ հատակն եք ավլում, չմոռանաք լինել նրբագեղ, դա սովորություն կդառնա, և այդ ժամանակ հմայքը ձեզնից գետի պես կհոսի…

— Գեղեցիկ, առավել ևս ստեղծագործող կնոջ կյանքում քիչ չեն նախանձողները, ինչպե՞ս եք Դուք դրան վերաբերվում:

— Բոլորովին ոչ մի ձևով, թեև դա եղել է ու դեռ կլինի… Գեղեցիկ կինը չի կարող դա չզգալ: Բայց ես սովորել եմ անջատել իմ ուղեղի համակարգիչը, ես տեղ չունեմ նախանձողների համար, խանդի համար, ես ընդհանրապես խանդոտ մարդ չեմ, ես չգիտեմ՝ ինչ է նախանձը: Ինչու՞ քայքայել նյարդերը, փչացնել առողջությունը: Ես պարզապես դրա մասին չեմ մտածում, վիրավորանք չեմ պահում, այդ առումով ես մաքուր եմ ինչպես աղբյուրը: Կարևորը Աստծուն սիրելն է, իսկ մնացածը՝ ունայնություն ունայնությանց:

— Տիկին Սոֆի, ի՞նչ կմաղթեք մեր ամսագրի ընթերցողներին:

— Մաղթում եմ, որ լինի զգացմունքների, սիրո, բարության այնպիսի խտություն, որ այդ ամենն այնքան լցնի բոլորին, որ բոլորը լինեն ավելի բարի միմյանց հանդեպ, զբաղվեն սիրելի գործով, և որ դա օգուտ բերի յուրաքանչյուր ընտանիքի: Թող բոլորի մոտ առավոտից լինի հրաշալի տրամադրություն, թող յուրաքանչյուրը ուրախանա նոր օրվա, արևի լույսի համար: Ես երբեք չեմ փակվում արևի լույսից, ես ուրախանում եմ, երբ Արևն ինձ լուսավորում է, ես նրանից ստանում եմ կենսական էներգիայի նոր չափաբաժին, ես սիրում եմ այդ լույսը: Ես ուզում եմ, որ մեր բոլորի շուրջը շատ Արև լինի: Թող մարդիկ լինեն երջանիկ, առողջ, և թող հիվանդները հավատան իրենց ապաքինմանը: Ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ: