Սիրելի՛ ընթերցողներ,

Մեծ ուրախությամբ ողջունում եմ Ձեզ մեր կայքում՝ մի հարթակում, որտեղ ժամանակը կորցնում է իր իշխանությունը, իսկ ոգեշնչումը դառնում է կենսակերպ։

«Ageless Magazine»-ի ստեղծման գաղափարը ծնվել է խորը համոզմունքից, որ իսկական երիտասարդությունը հոգու, էներգիայի և ներքին ներդաշնակության վիճակ է։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ գեղեցկությունը դադարել է լինել զուտ արտաքին արտացոլանք. այն դարձել է գիտակցության, առողջության, ներքին հավասարակշռության և ինքնասիրության արտահայտություն։

Ի սկզբանե մենք ձգտել ենք ոգեշնչել ընթերցողին այն մարդկանց օրինակներով, ովքեր մարմնավորում են Ageless գաղափարը։ Այսպես, երբ 2017 թվականին լույս տեսավ ամսագրի դեբյուտային համարը, որպես շապկի դեմք ընտրվեց մեծն Շառլ Ազնավուրը, ով իր օրինակով ցույց տվեց, որ տարիքը խոչընդոտ չէ ոգեշնչման և ստեղծագործության համար։

Ամսագրի բացումից մեկ տարի անց մենք հիմնեցինք նույնանուն ակումբը՝ իր լոյալության ծրագրով, որը հնարավորություն էր տալիս ակումբի անդամներին ոչ միայն գիտելիքներ ստանալ, այլև օգտվել գործընկեր ընկերությունների ծառայություններից համապատասխան զեղչերով։ Ցավոք, համաճարակի ժամանակ մեր գործունեությունը սառեցվեց, և այժմ, հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների միտումները, մենք որոշեցինք անցնել առցանց ռեժիմի, ինչը թույլ կտա ընդլայնել ամսագրի ընթերցողների բանակը։ Նաև ցանկանում ենք հայտարարել Ageless Club նախագծի վերագործարկման մասին։

Ամսագրի յուրաքանչյուր համարում մենք կկիսվենք Ձեզ հետ մարդկանց պատմություններով, ովքեր ոգեշնչում են գիտության և վելնեսի աշխարհում կատարված հայտնագործություններով, գիտակցված խնամքի, էսթետիկայի և անձնական զարգացման փիլիսոփայությամբ։

Ageless-ը պարզապես ամսագիր չէ, այլ մի համայնք է նրանց համար, ովքեր ընտրում են կյանքն իր լավագույն որակով՝ անկախ անձնագրի թվերից։ Թո՛ղ յուրաքանչյուր էջ դառնա Ձեզ համար լույսի, վստահության և նոր իմաստների աղբյուր։

Բարի գալուստ Ageless-ի աշխարհ՝ մի աշխարհ, որտեղ ժամանակը ծառայում, այլ ոչ թե ղեկավարում մեզ։

Ջերմությամբ և ոգեշնչմամբ,
Իննա Պերսոյան՝ Ageless Group-ի հիմնադիր