“Կյանքը շարժում է”

Խորագրի հյուրն է նյարդաբանության պրոֆեսոր, բ.գ.դ. Հովհաննես Մորիսի Մանվելյանը:

– Հովհաննես Մորիսի, ո՞րն է ուղեղի դերը օրգանիզմի ծերացման գործընթացներում:

– Առաջնայինը։ Ուղեղը սկսում է ծերանալ մոտ 30 տարեկանից։ Սակայն այս կամ այն գործոնների շնորհիվ այս գործընթացը ոմանց մոտ կարող է ձգվել մինչև 60-70 տարի, իսկ ուրիշների մոտ՝ ընդամենը 5-6 տարի: Ամեն դեպքում, երբ խոսում ենք ծերացման գործընթացների մասին, պետք է հիշել, որ առաջին հերթին ծերանում է նյարդային համակարգը: Գլխուղեղը բաղկացած է մեծ թվով նյարդային բջիջներից՝ նեյրոններից, որոնցից յուրաքանչյուրն ունի երկար ելուստ, որը կոչվում է ակսոն։ Նեյրոնները մենակ չեն կարող ֆունկցիոնալ գործել, դրա համար դրանք պետք է միավորվեն իրար հետ ցանցերի կամ շղթաների մեջ, և այդ գործում նրանց օգնում են այդ ակսոնները։ Դրանք հասնում են հարևան բջիջներին և կոնտակտներ են ձևավորում՝ սինապսներ (կապեր)։ Այդ կապերի միջոցով փոխազդելով՝ նեյրոնները ձևավորում են բարդ էլեկտրական իմպուլսներ, որոնք վերահսկում են ամբողջ օրգանիզմի գործունեությունը։ Երբ սկսում ենք ծերանալ, այդ սինապսների քանակը նվազում է, իսկ կապը կորցրած բջիջները մահանում են։ Ստացվում է, որ մենք սկսում ենք ավելի քիչ արդյունավետ աշխատել, ավելի քիչ հիշել, ավելի վատ մտածել և այլն։

– Թևավոր արտահայտությունը՝ «Նյարդային բջիջները չեն վերականգնվում», բոլորը մանկուց ընկալում են որպես անփոփոխ ճշմարտություն։ Ստացվում է, որ այն իրականում ճի՞շտ է։

– Բարեբախտաբար, ոչ։ Գիտնականներն ապացուցել են, որ հիպոկամպում՝ գլխուղեղի այն հատվածում, որը մասնակցում է զգացմունքների ձևավորման, հիշողության ամրապնդման և այլնի մեխանիզմներին, նյարդային բջիջներն ունակ են վերարտադրվելու և բազմանալու, այսինքն՝ նոր բջիջներ ձևավորելու։ Սակայն ուղեղի արդյունավետ աշխատանքի համար ոչ այնքան բջիջների քանակն է կարևոր, որքան բջիջների ինտեգրումը սինապտիկ համակարգում։

– Իսկ ի՞նչ պետք է անել ծերացման գործընթացը հետաձգելու համար։

– Ընդամենը հոգ տանել սեփական առողջության մասին, վարել առողջ ապրելակերպ, լինել ֆիզիկապես ակտիվ։ Նախկինում թրենդային էր լինել խելացի և գեղեցիկ, իսկ այսօր նորաձև է լինել առողջ։ Եվ փառք Աստծո։ Չնայած առողջությունն ու գեղեցկությունը, տվյալ համատեքստում, համարժեք հասկացություններ են։ Որպեսզի օրգանիզմը երկար աշխատի առանց խափանումների և մեզ հրաշալի ինքնազգացողություն պարգևի, պետք է, որ մարդու մոտ վաղ մանկությունից ձևավորվեն առողջ սովորություններ ողջ կյանքի համար։ Ցավոք, մեր հասարակության մեջ դրան քիչ ուշադրություն են դարձնում, և գիտելիքների բացերը ևս զգացնել են տալիս։ Ես երջանիկ կլինեի, եթե ինչ-որ մեկը 20 տարի առաջ ինձ հետ կիսվեր այն գիտելիքներով, որոնք ես այսօր ունեմ։ Այդ ժամանակ ես շատ սխալներ թույլ չէի տա… Բայց երբեք ուշ չէ կանգ առնել և վերակառուցել կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Չէ՞ որ երկարակեցությունը իմաստ ունի, եթե այն առողջ է, եթե մարդը գտնվում է առողջ գիտակցության մեջ։ Մարդը կարող է երկար ապրել, բայց դա անիմաստ է, եթե նա չի հիշի իր երեխայի անունը…

– Ի՞նչ եք ենթադրում «առողջ ապրելակերպ» տերմինի տակ։

– Առողջ ապրելակերպը ոչ միայն ֆիզկուլտուրայի դասերն են դպրոցում, այլև հրաժարումը չափից շատ ուտելուց, ալկոհոլից, ծխելուց, ինչպես նաև այնպիսի հատկություններից, ինչպիսիք են նախանձը, զայրույթը, ծուլությունը և այլն։ Աստվածաշնչում դրանք կոչվում են մահացու մեղքեր (ժպտում է)։ Իսկ բացի այդ, պետք է սովորել սննդի մշակույթը. չխառնել իրար հետ անհամատեղելի մթերքները, չօգտագործել վնասակար սնունդ, սահմանափակել շաքարի օգտագործումը՝ ըստ էության, բնության մեջ գոյություն ունեցող ամենատարածված ու էժան թմրանյութի։ Այս ամենը քիչ շարժուն կենսակերպի հետ համատեղ կարող է հանգեցնել ճարպակալման։ Հայ մայրերը հաճախ կարծում են, որ եթե երեխան նիհար է, նա հիվանդ է, թեև ավելորդ մարմնի զանգվածը, հատկապես սեռական հասունացման շրջանում, շատ ավելի վտանգավոր է։ Այն կարող է հանգեցնել մի շարք լուրջ խախտումների զարգացման մեջ, որոնք, իրենց հերթին, կհանգեցնեն դիէնցեֆալիկ համախտանիշի ձևավորման, իսկ դա արդեն սպառնալիք է ազգին։ Մենք պետք է համատարած քարոզենք առողջ ապրելակերպ, որպեսզի հասնենք լավ արդյունքների, փոխենք մտածելակերպը։ Տեսեք, ո՞վ է մեր այսօրվա հերոսը։ «Կռուտոյ» տղան, որը վայելում է կյանքը, թանկարժեք մեքենա է վարում, խմում է, ծխում է, շուրջը շատ գեղեցիկ աղջիկներ կան և այլն։ Մի՞թե մենք մեր երեխաներին այդպիսին ենք ուզում տեսնել։ Միայն առողջ մարդը կարող է հաջողակ դառնալ՝ ահա թե ինչ պետք է դաստիարակել երեխաների մեջ։

– Նյարդագիտությունն ու մասնավորապես նյարդաբանությունն այսօր ի՞նչ նոր նվաճումներով կարող են «պարծենալ»։

– Մենք շատ մոտեցել ենք ուղեղի աշխատանքի ըմբռնմանը և գրեթե գտել ենք շատ կարևոր հարցերի պատասխանները՝ ինչպես կարելի է ազդել նեյրոնների միջև նոր սինապտիկ կապերի ստեղծման վրա կամ ի՛նչ անել արդեն գոյություն ունեցող կապերը երկար պահպանելու համար։ Մենք նաև հսկայական աճ ունենք սթրեսների, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների և այլնի բուժման մեջ։ Նեյրոդեգեներացիան ծերացման բախտ է։ Այս հիվանդություններից շատերը նախկինում քիչ հայտնի էին կամ ընդհանրապես անհայտ, և աշխարհում երկարակյացներն էլ քիչ էին։ Կյանքի տևողության ավելացման հետ ծերունական հիվանդությունները «դուրս են եկել մակերես», ստեղծելով մեծ հող նյարդաբանների համար հետազոտությունների համար։ Ահա, օրինակ, Ալցհայմերի հիվանդությունը։ Հիվանդանալով դրանով՝ մարդը սկսում է աստիճանաբար կորցնել սինապսները, իսկ հետո նաև նյարդային բջիջները, ինչը հանգեցնում է նյարդային հյուսվածքների որոշակի հատվածների մեռելացման։ Որպես կանոն, հիվանդությունը ախտահարում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են հիշողության և զգացմունքների համար։ Իհարկե, դա սարսափելի է, դա ցավալի է… Տեղեկություններով լի, ինտելեկտուալ և էրուդիտ համարվող մարդը հանկարծ մոռանում է տարրական բաներ, օրինակ, թե ինչ անել ծամված կերակրի հետ կամ ինչ է ասում լուսացույցի կարմիր լույսը։ Կամ մեկ այլ տարբերակ. շատ քնքուշ, իր երեխաներին ու թոռներին սիրող կինը ծերության մեջ դառնում է բացարձակ անտարբեր նրանց հանդեպ և նույնիսկ մոռանում է նրանց անունները։ Իհարկե, նման վիճակը մեծ հարված և ծանր հոգեբանական բեռ է դառնում հիվանդի ընտանիքի անդամների համար։ Սակայն հայ ընտանիքների մեծ մասում, նման խնդրի հետ բախվելիս, էական ոչինչ չի արվում կյանքը հեշտացնելու համար՝ թե՛ իրենց, թե՛ հիվանդ հարազատի։ Ավելին, մեր հասարակության մեջ ամաչում են խոսել այդ մասին։ Ինչու՞ է դա դիտվում որպես ամբողջ ընտանիքի համար խայտառակություն։ Մարդիկ չեն ցանկանում հասկանալ, որ ծերերը հիվանդ են և բուժման կարիք ունեն։ Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ բուժումը կարող է արդյունավետ լինել միայն ժամանակին նյարդաբանին դիմելու դեպքում։

– Իսկ կոնկրետ ի՞նչը պետք է ազդանշան ծառայի բժշկին դիմելու համար։

– Եթե ընտանիքի անդամները նկատում են, որ տատիկը կամ պապիկը շատ են փոխվել, «ուրիշ» են դարձել՝ ավելի նեղացկոտ, անհանգիստ, անտարբեր, սառը, մի խոսքով, այնպիսին չեն, ինչպիսին միշտ եղել են, ապա դա հենց այն ժամանակն է, երբ պետք է դիմել բժշկին։ Ցավոք, մեզ ամենից հաճախ դիմում են այնպիսի փուլերում, երբ տարեց մարդը սկսում է կորցնել կողմնորոշումը ժամանակի և տարածության մեջ, և այդ ժամանակ ինչ-որ բան անելն արդեն շատ ուշ է լինում։

– Իսկ ճի՞շտ է, որ մարդիկ, ովքեր անընդհատ զբաղվում են ուղեղային գործունեությամբ, ավելի քիչ են ենթարկվում դեգեներատիվ հիվանդություններին։

– Իհարկե, ուղեղը պետք է մարզել, բայց այս դեպքում ես շեշտը կդնեի ֆիզիկական ակտիվության վրա, միայն դա կարող է ուղեղը տոնուսի մեջ պահել, և դա ապացուցված է բազմաթիվ ուսումնասիրություններով։

– Իսկ ի՞նչ կլինեն Ձեր առաջարկություններն ու մաղթանքները մեր ընթերցողներին։

Կյանքը շարժում է։ Պետք է հիշել, որ մեր կյանքը պետք է անցնի շարժուն և դինամիկ ռիթմերով։ Ուղեղային գործունեությունը առավելագույնս խթանում է ֆիզիկական ակտիվությունը, ուստի ավելի շատ շարժվեք, զբաղվեք սպորտով, քայլեք, զբաղվեք պարերով… Ի դեպ, գիտականորեն ապացուցված է, որ պարեր համատեղ սովորելը խթանում է ուղեղի ակտիվությունը։ Բոլորին մաղթում եմ առողջ երկարակեցություն։

– Շնորհակալություն։