Խորագրի հյուրն է Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախկին նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, «Դա Վինչի Կլինիկ» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկայի տնօրեն, բ.գ.թ. Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյանը:
— Արմեն Ռաֆայելովիչ, Դուք Հայաստանում պլաստիկ վիրաբուժության հիմնադիրներից եք: Խնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ս եք ընտրել այս մասնագիտությունը:
— 1987 թվականին, Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո, ես մեկնեցի Մոսկվա՝ ընդհանուր վիրաբուժության գծով «նպատակային» կլինիկական օրդինատուրա անցնելու: Դեռ ուսանողական տարիներից աշխատում էի Երևանի Շտապ օգնության հիվանդանոցում որպես վիրաբույժ և տարված էի իմ մասնագիտությամբ, սակայն Մոսկվայում զգացի, որ աշխատանքում ինձ պակասում է ստեղծագործական տարրը: Որոշեցի փոխել մասնագիտացումս և ընդհանուր վիրաբուժությունից անցա միկրովիրաբուժություն: Այդ ժամանակաշրջանում միկրովիրաբուժությունը բավականին երիտասարդ ճյուղ էր, իսկ մասնագետները երկրում շատ քիչ էին: Ինչ վերաբերում է պլաստիկ վիրաբուժությանը, ապա Խորհրդային Միությունում նման մասնագիտություն ընդհանրապես չկար, սակայն 80-ականների վերջին այն սկսեց ձևավորվել՝ հենվելով միկրովիրաբուժության և վերականգնողական վիրաբուժության փորձի վրա: Օրդինատուրան ավարտելուց հետո շարունակեցի ուսումս ասպիրանտուրայում, այնուհետև պաշտպանելով թեկնածուական թեզս՝ վերադարձա Հայաստան: 1992 թվականն էր, Հայաստանը պատերազմի մեջ էր, հիվանդանոցներն ամեն օր վիրավորներ էին ընդունում: Ժամանելուն պես աշխատանքի անցա Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի միկրովիրաբուժության բաժանմունքում: Ամենածանր վիրավորները՝ զուգակցված վնասվածքներով, բուժվում էին մեր բաժանմունքում: Բնականաբար, այդ շրջանում էսթետիկայի մասին չէինք էլ մտածում: Իսկ պատերազմի ավարտից հետո էսթետիկ բժշկությունն աստիճանաբար սկսեց տարածում գտնել, և մեզ սկսեցին դիմել ավելի ու ավելի շատ մարդիկ, ովքեր ցանկանում էին կատարել քթի, որովայնի, կրծքի պլաստիկա և այլն: Այնուհետև աշխատանքի անցա Առաջին կլինիկական հիվանդանոցում, իսկ որոշ ժամանակ անց՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ հիմնադրեցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը: Ներկայումս մեր բաժանմունքի գործունեության շրջանակը բավականին լայն է. մենք զբաղվում ենք և՛ վերականգնողական, և՛ էսթետիկ վիրաբուժությամբ՝ ողջ ծավալով:
— Դուք ուսուցիչ և խորհրդատու եք վերականգնողական և պլաստիկ վիրաբուժության բազմաթիվ ապագա մասնագետների համար, իսկ ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
— Ուսանողական տարիներին ինձ համար վիրաբույժի իդեալ էր ողջ Հայաստանում հայտնի բժիշկ Հարություն Իվանի Մինասյանը: Նա Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, ուներ զինվորական կեցվածք, շատ պարտաճանաչ և պատասխանատու մարդ էր: Ե՛վ բժիշկները, և՛ հիվանդները պաշտում էին նրան: Այնուամենայնիվ, վիրաբուժության մեջ իմ ուսուցիչն ու խորհրդատուն համարում եմ Յուրի Տարասևիչ Հովակիմյանին: Նա ինձ համար ոչ միայն հիանալի պրոֆեսիոնալի, այլև իսկական հասուն տղամարդու օրինակ էր: Շատ արդարացի մարդ էր, միշտ պատրաստակամ. եթե իր թիմից որևէ մեկի մոտ խնդիր էր առաջանում, նա պատրաստ էր պատասխանատվությունը վերցնել իր վրա, սատարել ու աջակցել: Նրան հարգում էին բոլորը՝ առանց բացառության, և նա արժանի էր այդ հարգանքին: Երբ մեկնեցի Մոսկվա, իմ գիտական ղեկավարը դարձավ ակադեմիկոս Նիկոլայ Օլեգովիչ Միլանովը, ով կանգնած էր միկրովիրաբուժության զարգացման ակունքներում: Շատ էրուդիտ, լայնամասշտաբ մտածողությամբ, կարգապահ, անհավանական կոկիկ և ներքուստ կազմակերպված մարդ: Նա ուներ բժշկի, գիտնականի և մարդու անբասիր հեղինակություն: Նրա ղեկավարած բաժանմունքներում անընդհատ ընթանում էր հսկայական ծավալի ու որակի գործնական, գիտական և ուսումնական գործընթաց: Ես աշխատում էի շտապ օգնության բաժանմունքում: Իր ենթակաների մեջ նա գնահատում էր այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են աշխատասիրությունը, սովորելու ձգտումը և մասնագիտական աճը: Ինչպես տեսնում եք, ուսուցիչների հարցում բախտս բերել է…
— Արմեն Ռաֆայելովիչ, իսկ Ձեզ դո՞ւր է գալիս դասավանդելը, Ձեր փորձով կիսվելը:
— Այո, ինձ դուր է գալիս իմ գիտելիքներն ու հմտությունները փոխանցել երիտասարդ սերնդին: Գիտեք, ոչ բոլորի մոտ է ստացվում դասավանդել: Չէ՞ որ դասավանդող լինելու համար պետք է հաճույք ստանալ տալուց: Սակայն այսօր հարցն այլ է. որքանո՞վ ես զգում այդ հետադարձ կապը: Երբ երիտասարդ բժիշկը խելացի է, ուշադիր, ամեն ինչ թռիչքից որսում է, ունի գիտելիքի ծարավ և մասնագիտական աճի ձգտում, ապա նման մարդու հետ շատ հաճելի է աշխատել և փորձով կիսվել:
— Իսկ շա՞տ են այսօր նման երիտասարդները Ձեր ուսանողների մեջ:
— Ի մեծ ցավոք՝ ոչ այնքան: Մյուս կողմից՝ պլաստիկ վիրաբույժ դառնալ ցանկացողների թիվը տարեցտարի աճում է, սակայն դա ամենևին չի խոսում որակի մասին: Այսօր մեր ամբիոնում մոտ հիսուն կլինիկական օրդինատոր կա: Սա նոնսենս է: Նրանցից շատերն իրականում չեն պատկերացնում, թե ինչ է պլաստիկ վիրաբուժությունը: Ոմանց թվում է, թե դա ինչ-որ ներարկումներ են կամ փոքր վիրահատություններ, բայց ասեմ ձեզ՝ նման բան չկա: Այն ծրագիրը, որով սովորում են մեր կլինիկական օրդինատորները, առավելագույնս մոտեցված է եվրոպականին: Ուսումնառության 4 տարիների ընթացքում օրդինատորներն անցնում են վերքերի սովորական մշակումից մինչև բարդագույն միկրովիրաբուժական վիրահատություններ: Այսինքն՝ մասնագետ դառնալու համար պետք է անցնել ողջ դասընթացը և միայն հետո գտնել այն խորշը, որտեղ քեզ ավելի վստահ կզգաս: Պլաստիկ վիրաբուժությունը բաժանվում է էսթետիկ և վերականգնողական ճյուղերի: Առաջինը զբաղվում է արտաքին ձևերի և եզրագծերի փոփոխությամբ, օրինակ՝ տարիքային փոփոխությունների շտկմամբ, իսկ վերականգնողականը ուղղված է ֆունկցիաների վերականգնմանը, բնածին արատների, հյուսվածքների դեֆեկտների վերացմանը և այլն: Իհարկե, մեր օրդինատորների մեծ մասն ընտրում է էսթետիկ վիրաբուժությունը, քանի որ դա նորաձև է և այսօր ավելի պահանջված:
— Պլաստիկ վիրաբուժությունը բժշկական բոլոր մասնագիտություններից ամենաստեղծագործականն է: Որտեղի՞ց եք ստանում Ձեր ներշնչանքը:
— Իմ աշխատանքի հաջող արդյունքներից, առողջացած հիվանդներից: Ամեն անգամ, երբ տեսնում եմ պացիենտներիս գոհ դեմքերը, ինձ համակում է ուրախությունն ու բավարարվածությունը: Չէ՞ որ միշտ հաճելի է գիտակցել, որ կարողացել ես օգնել մարդուն ձեռք բերել ինքնավստահություն և նրան մի փոքր ավելի երջանիկ ես դարձրել:
— Արմեն Ռաֆայելովիչ, ինչո՞ւ են որոշ մարդիկ ավելի արագ ծերանում, քան իրենց հասակակիցները:
— Նախ՝ դա կախված է մարդու գենոտիպից, երկրորդ՝ թե ինչպիսի կենսակերպ է վարում, ունի՞ վատ սովորություններ, երրորդ՝ անդրամանուշակագույն ճառագայթների չափից ավելի ազդեցությունից, չորրորդ՝ կյանքի որակից, սոցիալական պայմաններից և այլն:
— Ո՞ր տարիքից եք խորհուրդ տալիս սկսել երիտասարդացնող պրոցեդուրաները:
— Կոնկրետ տարիք չեմ նշի: Դա շատ անհատական է: Բոլոր էսթետիկ պրոցեդուրաները, որոնք ի վիճակի են բարելավել մաշկի որակը, տարիքային սահմանափակում չունեն, դրանք կարելի է իրականացնել նույնիսկ շատ երիտասարդներին: Ինչ վերաբերում է կնճիռներին, ապա դրանք լինում են միմիկական և տարիքային: Նախքան դրանց դեմ «պայքարելը» պետք է հասկանալ դրանց ծագումը: Միմիկական կնճիռները, որպես կանոն, լինում են հարուստ դիմախաղ ունեցող մարդկանց մոտ, և դրանց դեմ պայքարելն անիմաստ է, քանի որ դրանք նորից ու նորից կհայտնվեն: Իսկ ահա տարիքային կնճիռները կարող են հայտնվել դեմքին արդեն 25 տարեկանում, և եթե ժամանակին դիմեք էսթետիկ բժշկության մասնագետների ծառայություններին և վերացնեք դրանք, ապա կարելի է երկար տարիներով հետաձգել այն խնդիրները, որոնք հետագայում ստիպված ենք լինում շտկել վիրահատական ճանապարհով: Իմ խորհուրդը նրանց, ովքեր ցանկանում են ինչ-որ բան փոխել իրենց արտաքինում՝ օգտվեք միայն որակյալ ծառայություններից, այլապես կարող են լինել անդառնալի հետևանքներ: Տեսեք, այսօր ով ասես զբաղվում է էսթետիկ բժշկությամբ, ներարկումային պրոցեդուրաներով, ընդ որում՝ այդ «կեղծ մասնագետներից» շատերը չունեն անհրաժեշտ բժշկական կրթություն: Մասնագետի ընտրությանը պետք է մոտենալ առանձնահատուկ ուշադրությամբ:
— Ձեր մաղթանքը մեր ամսագրի ընթերցողներին:
— Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ առողջ լինեն: Ցավոք, մենք սկսում ենք գնահատել առողջությունը միայն այն ժամանակ, երբ սկսում ենք կորցնել այն: Միևնույն ժամանակ, մեծանալու (ծերանալու) գործընթացն անդառնալի է, ուստի պետք չէ այն արագացնել: Սիրեք Ձեզ և Ձեր հարազատներին, խնամքով վերաբերվեք Ձեր առողջությանը, վայելեք կյանքը:
— Շնորհակալություն: