Էլիզա Հայրապետյան. «Բժշկի համար ամենամեծ բավականությունը հաղթանակն է հիվանդության նկատմամբ»

Այս անգամ «Ageless բժիշկը» խորագրի ներքո ներկայացնում ենք Երևան քաղաքի և «Էրեբունի» ԲԿ-ի գլխավոր էնդոկրինոլոգ, «Շաքարախտի հայկական ասոցիացիայի» և «Հայաստանի էնդոկրինոլոգների ասոցիացիայի» նախագահ, դոցենտ, բ.գ.թ. Էլիզա Միխայիլի Հայրապետյանին՝ ageless սերնդի տիպիկ ներկայացուցչին: Նա միշտ հիանալի տեսք ունի, խնամված է, ժպտերես ու եռանդուն: Էլիզա Միխայիլովնան չի թաքցնում իր լավ ինքնազգացողության գաղտնիքը՝ դրական տրամադրվածություն, բարյացակամություն և, իհարկե, առողջ ապրելակերպի կանոններին հետևելը:

— Էլիզա Միխայիլովնա, ինչպիսի՞ն էր Ձեր ուղին դեպի բժշկություն: Արդյո՞ք բժշկական դինաստիայի ներկայացուցիչ եք:

— Ո՛չ, ծնողներս բժշկության հետ որևէ կապ չեն ունեցել: Ինչո՞ւ ընտրեցի բժշկի մասնագիտությունը: Նույնիսկ հստակ պատասխան չեմ կարող տալ: Հավանաբար այն պատճառով, որ դպրոցն ավարտեցի ոսկե մեդալով, իսկ այդ տարիներին մեդալակիրները հաճախ ընդունվում էին հենց բժշկական ինստիտուտ, ընդ որում՝ մեկ քննությամբ…

— Այսինքն՝ բժշկություն եք եկել բավականին սպոնտան: Իսկ կար որևէ մասնագիտություն, որի մասին երազում էիք մանկուց:

— Այո՛, կար: Ինձ շատ էր գրավում այն ամենը, ինչ կապված էր դիզայնի, գեղարվեստական ձևավորման հետ: Միշտ ցանկացել եմ շրջապատող աշխարհն ավելի գեղեցիկ դարձնել, զարդարել շրջապատս այնպես, որ այն ներդաշնակ լինի իմ ներաշխարհի հետ: Գեղանկարչության մեծ սիրահար էի, սիրում էի ազատ ժամանակ այցելել թանգարաններ և ցուցահանդեսներ: Այդ ամենը շատ հոգեհարազատ էր ինձ, ոգեշնչում էր և ներքին ներդաշնակության զգացում պարգևում:

— Իսկ ինչպե՞ս եկաք էնդոկրինոլոգիա:

— Դա երկար պատմություն է: Մինչ էնդոկրինոլոգ դառնալը ես կայացման երկար ուղի եմ անցել. սովորել եմ ուռուցքաբանության և նյարդաբանության ամբիոններում, որոշ ժամանակ աշխատել եմ Ապարանի և Հոկտեմբերյանի շրջանային հիվանդանոցներում, այնուհետև ամուսնանալով վերադարձել եմ Երևան, ընդունվել կլինիկական օրդինատուրա՝ էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ, և տարվել այդ գիտությամբ: Դա բժշկության անչափ հետաքրքիր բնագավառ է, որն, ցավոք, այդ ժամանակ քիչ էր զարգացած: Գիտելիքներս կատարելագործելու համար որոշեցի մեկնել Մոսկվա՝ ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի Համամիութենական էնդոկրինոլոգիական գիտական կենտրոն: Այնուհետև պաշտպանեցի թեկնածուական թեզս և, վերադառնալով Հայաստան, սկսեցի դասավանդել էնդոկրինոլոգիա Երևանի բժշկական ինստիտուտի թերապիայի և ներքին հիվանդությունների ամբիոնում: Դրան զուգահեռ աշխատում էի հանրապետական հիվանդանոցում, իսկ «Էրեբունի» ԲԿ-ի հիմնադրումից հետո նշանակվեցի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ:

Այն ժամանակ, երբ սկսեցի աշխատել բժշկական ինստիտուտում, էնդոկրինոլոգիայի դասավանդումը սահմանափակվում էր դիաբետի մասին ընդամենը մի քանի դասախոսությամբ: Դա շատ ցավալի էր, քանի որ մարդու օրգանիզմի հիվանդագին վիճակների մեծ մասը սկսվում է հենց ներզատիչ գեղձերի աշխատանքի խաթարումից և նյութափոխանակության խանգարումներից: Պետք էր ամեն գնով փոխել իրավիճակը: Շատ շնորհակալ եմ այն ժամանակվա ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին ինձ աջակցելու համար, ինչի շնորհիվ մենք կարողացանք ստեղծել ԵրԲԻ-ի էնդոկրինոլոգիայի առաջին ամբիոնը: Տարիներ անց՝ ինստիտուտի 70-ամյակի ժամանակ, այդ քայլս գնահատվեց, և ես ստացա «Մխիթար Հերացի» մեդալ: Այսօր ավելի ու ավելի շատ ուսանողներ են որպես մասնագիտացում ընտրում հենց էնդոկրինոլոգիան:

— Էլիզա Միխայիլովնա, Դուք նաև Շաքարախտի հայկական ասոցիացիայի հիմնադիրն եք…

— Հայաստանում, ցավոք, սա շատ տարածված հիվանդություն է, սակայն մարդիկ քիչ են տեղեկացված դրա առաջացման պատճառների, կանխարգելման և ինքնահսկման մասին: Այդ պատճառով շատ կարևոր էր ստեղծել մի ասոցիացիա, որտեղ կընդգրկվեին ոչ միայն բժիշկ-էնդոկրինոլոգները, այլև հենց դիաբետով հիվանդներն ու նրանց հարազատները: 2011 թվականին մեր ջանքերի շնորհիվ ասոցիացիան դարձավ Դիաբետի միջազգային ֆեդերացիայի անդամ, որի վեհաժողովներում ես ներկայացնում եմ Հայաստանը: Դրա հետ կապված շատ եմ ճամփորդում, կարելի է ասել՝ շրջել եմ ողջ աշխարհով: Բժշկությունը մասնագիտություն է, որտեղ բժիշկը պետք է մշտապես համալրի իր տեսական գիտելիքները: Գիտությունը կանգ չի առնում, ամեն օր նոր հայտնագործություններ են լինում: Երբ տեղեկացված ես, ավելի վստահ ես օգտագործում գործնական հմտություններդ:

— Էլիզա Միխայիլովնա, այսօր Դուք միաժամանակ և՛ դասախոս եք, և՛ պրակտիկ բժիշկ, և՛ բժշկական ծառայության ղեկավար, ժամանակին նաև հեռուստահաղորդավար եք եղել: Այս դերերից ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

— Պետք է խոստովանեմ, որ ինձ ամենից մոտ է պրակտիկ բժշկի դերը, քանի որ այդ կարգավիճակում ես զգում եմ իմ առավելագույն օգտակարությունը մարդկանց: Ինձ դուր է գալիս աշխատել հիվանդների հետ: Իմ առաքելությունն է բուժել և օգնել մարդկանց: Բժշկի համար ամենամեծ բավականությունը հաղթանակն է հիվանդության նկատմամբ, երբ պացիենտը հեռանում է քեզնից գոհ և երջանիկ: Դա աննկարագրելիորեն ոգեշնչում է:

— Իսկ ի՞նչն է Ձեր մասնագիտության մեջ, ընդհակառակը, դժգոհություն առաջացնում:

— Դե, բոլորս գիտենք, որ բժշկությունն այն գիտությունն է, որտեղ դեռ շատ հարցեր կան, որոնց պատասխանները չկան: Երբեմն մեր գիտելիքների պաշարը բավարար չէ խնդրի լուծումը գտնելու համար: Հատկապես էնդոկրինոլոգիայում շատ գիտելիքներ դեռևս հիպոթեզի փուլում են: Օրինակ՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետը. դրա պատճառները մինչ օրս անհայտ են մնում: Մենք գիտենք ռիսկի գործոնների մասին, բայց բուն պատճառները կարող ենք միայն ենթադրել: Չկան դեղեր, որոնք լիովին կբուժեն այդ հիվանդությունը: Այս անզորության զգացումը՝ որ չես կարող որևէ բան փոխել, ներսից կրծում է ինձ:

Նաև կցանկանայի, որ պացիենտն ավելի մեծ վստահությամբ վերաբերվեր բժշկին: Մեր ժողովուրդը երբեմն անվստահությամբ է վերաբերվում բժշկությանը, ինչը հանգեցնում է նրան, որ հիվանդները թերահավատորեն են մոտենում ախտորոշմանը և չեն հետևում ցուցումներին: Սարսափելի է, երբ բժշկի ու պացիենտի միջև անվստահության պատ է կանգնած: Ես ուզում եմ բոլորին հասցնել. բուժման դրական ելքը մեծապես կախված է հենց պացիենտի լավատեսական տրամադրվածությունից և հավատից:

— Էլիզա Միխայիլովնա, իսկ հիասթափությունների դեպքում լինո՞ւմ է, որ զղջաք Ձեր ընտրության համար:

— Իհարկե, լինում են և՛ հիասթափություններ, և՛ ապրումներ, բայց ես երբեք չեմ զղջում կատարածս ընտրության համար: Երբեք:

— Իսկ Դուք հավատո՞ւմ եք հրաշքների:

— Ցավոք, ես որևէ հրաշքի ականատես չեմ եղել: Կարծում եմ՝ ծանր հիվանդի ապաքինումը սխալ է հրաշք համարել, քանի որ դրա համար բազմաթիվ քայլեր են ձեռնարկվում բժշկական անձնակազմի կողմից: Ինչ վերաբերում է հրաշքներին, ապա դրանք պատահականություններ չեն, դրանք տեղի են ունենում Աստծո կամքով: Ես հավատում եմ Աստծուն, և յուրաքանչյուրը պետք է հավատա: Հենց հավատն է օգնում հաղթահարել դժվարությունները և ուժ գտնել առաջ շարժվելու համար:

— Ի՞նչն եք ամենից շատ գնահատում մարդկանց մեջ:

— Ինձ համար ամենաթանկը մարդու մեջ հոգու պարկեշտությունն է: Այն ներառում է և՛ ազնվություն, և՛ նվիրվածություն, և՛ ներքին մաքրություն: Երբ մարդը ներքուստ պարկեշտ է, դա արտացոլվում է նրա դեմքին: Ինձ համար գեղեցկությունը ոչ միայն դիմագծերն են, այլև այն ներքին լույսը, որը բխում է սրտից և ճառագում աչքերից:

— Դուք անկասկած «ageless» սերնդի ներկայացուցիչ եք: Որո՞նք են երիտասարդության պահպանման Ձեր գաղտնիքները:

— Երիտասարդ է այն մարդը, ով առողջ է և՛ մարմնով, և՛ ոգով: Շատերը բողոքում են ժամանակի սղությունից, բայց հավատացեք՝ եթե կա ցանկություն, ժամանակ միշտ կգտնվի: Շաբաթական մի քանի օր այցելում եմ լողավազան, ամեն օր մի քանի կիլոմետր քայլում եմ վազքուղով, միշտ սնվում եմ առողջ սննդով և չափավոր քանակությամբ: Ահա և բոլոր գաղտնիքները:

— Պատմեք մի փոքր Ձեր ընտանիքի մասին, կա՞ն Ձեր մասնագիտության շարունակողները:

— Ո՛չ, ես մեր ընտանիքի միակ բժիշկն եմ: Ունեմ որդի, հարս, թոռնիկներ, և մենք բոլորս երջանիկ ենք միասին: Ցավոք, ամուսինս արդեն երկու տարի է, ինչ մեզ հետ չէ… Բայց կյանքը շարունակվում է… Ունեմ հրաշալի ընտանիք, քանի որ մենք հասկանում ենք միմյանց, իսկ դա ընտանեկան երջանկության կարևորագույն տարրն է: Բոլորին մաղթում եմ լինել երջանիկ, փայփայել մտերիմներին և հաճույք ստանալ Կյանքից, չէ՞ որ դա Աստծո կողմից մեզ տրված մեծագույն բարիքն է: