«Տարիքի կառավարումը նշանակում է հորմոնների կառավարում»

Բժիշկ Ageless խորագրի հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սվետլանա Յուրիևնա Կալինչենկոն՝ էնդոկրինոլոգ-անդրոլոգ, սեքսոլոգ, Ամուսնական զույգի՝ տղամարդու և կնոջ առողջության ու երկարակեցության կլինիկայի գիտական ղեկավար՝, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) «Էնդոկրինոլոգիայի» ամբիոնի վարիչ։Պրոֆեսոր Կալինչենկոն ժամանակակից կանխարգելիչ բժշկության նոր հայեցակարգի՝ «Առողջության քառյակ»-ի հիմնադիրներից է։

– Սվետլանա Յուրիևնա, Դուք ժառանգական բժիշկների ընտանիքից եք, և Ձեր մասնագիտության ընտրությունն ավելի շուտ օրինաչափ էր, քան պատահական։ Իսկ որքանո՞վ շուտ սկսեցիք մտածել բժիշկ դառնալու մասին, և ի՞նչն էր Ձեզ գրավում այդ մասնագիտության մեջ։

– Ինձ թվում է, որ ես ծնվել եմ այդ ցանկությամբ։ Մանկուց արդեն ուզում էի բոլորին օգնել։ Սկզբում բուժում էի բոլոր խաղալիքներին, հետո անցա տատիկներին, պապիկներին, կրտսեր քրոջս, որին դա չափազանց դուր չէր գալիս (ծիծաղում է)։ Ի դեպ, նա նույնպես որոշեց շարունակել ընտանեկան ավանդույթը և բժիշկ դարձավ։

– Ձեզ ճանաչողները պատմում են, որ Դուք ոչ սովորական, կրեատիվ, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող անձնավորություն եք, իսկական նորարար… Ինչպե՞ս եք կարծում, արդյոք տեղ ունի ստեղծագործությունը բժշկական մասնագիտության մեջ։

– Բժիշկը միանշանակ ստեղծագործող մարդ է, որովհետև բուժելը նշանակում է բարություն ստեղծել։ Մեր մասնագիտության մեջ ստանդարտ լուծումներ ու մոտեցումներ չեն կարող լինել, քանի որ բոլորը շատ տարբեր են՝ ըստ ազգության, տեմպերամենտի, սեռի, հորմոնալ ֆոնի, մետաբոլիկ ցուցանիշների և բարոյա-էթիկական հայացքների…

– Ձեր աշխատանքի ուղղություններից մեկը տարիքի հետ կապված հիվանդությունների բուժումն է, ինչպես նաև դրանց կանխարգելումը։ Խոսքը դեղորայքային բուժմա՞ն մասին է։

– Միշտ հորմոնալ դեղորայքային բուժման մասին է։ Տարիքի հետ օրգանիզմում նկատվում է հորմոնների մակարդակի նվազում։ Հետևաբար, տարիքը կառավարելը նշանակում է կառավարել հորմոնները։

– Սվետլանա Յուրիևնա, կյանքում հաճախ ենք հանդիպում նույն տարիքի մարդկանց, որոնք բոլորովին տարբեր տեսք ունեն՝ մեկը մեծ է թվում, մյուսը՝ երիտասարդ։ Եթե բացառենք որոշ սոցիալական գործոնների, վատ սովորությունների ազդեցությունը, ապա ի՞նչն է, այնուամենայնիվ, այսպիսի «անհամաչափ» ծերացման պատճառը։

– Ամեն ինչ կախված է սկզբնական ամրության պաշարից, սեռական հորմոնների պաշարից և դրանց նվազման արագությունից։ Ի դեպ, նվազման արագության վրա ազդում են, առաջին հերթին, մեր մտքերը, որոնք, ինչպես այժմ հայտնի է, կառավարում են գեները… Նրանք, ովքեր ցանկանում են երկար ապրել և մնալ երիտասարդ, ավելի երկար և ավելի լավ մարզավիճակում են ապրում, քան նրանք, ովքեր դա չեն ցանկանում։

– Իսկ ո՞վ է ավելի շատ ենթարկվում ծերացման՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք։ Թե՞ սեռն այստեղ նշանակություն չունի։

– Կանայք, քանի որ նրանց ամրության պաշարը, այսինքն՝ հորմոնների մակարդակը, շատ ավելի բարձր է… Օրինակ, տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը 10 անգամ բարձր է և աստիճանաբար է նվազում, այլ ոչ թե կտրուկ, ինչպես կանանց մոտ, երբ մի օր կարող են դաշտանները դադարել։ Դա տեղի է ունենում օրգանիզմում էստրոգենների արտադրության կտրուկ նվազման պատճառով։

– Այսօր առողջ երկարակեցության տեխնոլոգիաները հասանելի չեն բոլորին։ Ինչպե՞ս եք կարծում, մոտիկանո՞ւմ է այն օրը, երբ դրանցից կկարողանան օգտվել շարքային մարդիկ։

– Այսօր դրանք հասանելի են բոլորին, սակայն բոլորը չեն ուզում երկար ապրել, հավատացեք…

– Մենք գիտենք, որ Դուք ոչ միայն ընդունելություններ եք անցկացնում որպես բժիշկ, այլև ակտիվորեն մասնակցում եք գիտության զարգացմանը, մանրամասն պատմեք այդ մասին։

– Գիտությունը իմ հոբբին է, մի կողմից, և կրթությունը, մյուս կողմից։ Ես սովորել եմ գիտական և գիտամանկավարժական կադրերի ֆակուլտետում։ Ինձ հետաքրքիր է հաստատել գաղափարները գիտական փորձերում։ Հիմա մենք սկսել ենք մեր «առողջության քառյակը» տալ առնետներին։ Պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր արդյունքներ ենք ստանում։

– Սվետլանա Յուրիևնա, ո՞ր Ձեր ձեռքբերումով եք ամենից շատ հպարտանում։

– Մեր կլինիկան սկսեց բժիշկներին անվճար խորհրդատվություն տրամադրել, և մենք սովորեցնում ենք բժիշկներին, որ պետք է սկսել ինքներդ ձեզանից, թերևս, դա ամենակարևորն է։ Հիվանդ բժիշկը չի կարող օգնել պացիենտին։ Բացի այդ, բժիշկները ամենամեծ թերահավատներն են, և եթե մեր մեթոդները գործում են բժիշկների վրա, ուրեմն դրանք արդյունավետ մեթոդներ են (ծիծաղում է)։

– Դուք «Առողջության քառյակ» հայեցակարգի հիմնադիրներից եք։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, և ի՞նչ պետք է իմանան դրա մասին շարքային քաղաքացիները։

– «Առողջության քառյակը» ունի չորս բաղադրիչ՝ վիտամին D, Օմեգա-3 ճարպաթթուներ, սեռական հորմոններ (էստրոգեններ, տեստոստերոն, պրոգեստերոն) և0 հակաօքսիդանտներ։ Առաջին երկուսը պետք է ընդունեն բոլորը, սկսած ներարգանդային շրջանից, իսկ սեռական հորմոնները և հակաօքսիդանտները՝ 45 տարեկանից… Ի դեպ, կարմիր գինին հիանալի հակաօքսիդանտ է։

– Սվետլանա Յուրիևնա, ո՞րն է Ձեր ունիվերսալ խորհուրդը այն մարդկանց, ովքեր ցանկանում են երկար տարիներ պահպանել իրենց երիտասարդությունը։

– Եղեք քաջ, համարձակ, հետաքրքրասեր, գտնվեք նորի և հետաքրքրի մշտական որոնման մեջ ամեն օր։

– Եթե գաղտնիք չէ, ապա ի՞նչն է Ձեր երիտասարդության գաղտնիքը։

– Սերը… մարդկանց, գիտության, կյանքի, հորմոնների, ուսուցիչների նկատմամբ…

– Ի՞նչպիսին եք տեսնում ապագայի բժշկությունը։

– Բոլորը առողջ և երջանիկ են, ապրում են, որքան ուզում են և ինքնուրույն են որոշում էվթանազիայի ամսաթիվը…

– Ասում են՝ «ծիծաղը երկարացնում է կյանքը»։ Սա մի՞ֆ է, թե՞ իրականություն։

– Ծիծաղը հորմոններ են՝ օքսիտոցին, դոֆամին և սերոտոնին։ Բոլոր հորմոնները երկարացնում են կյանքը։ Եզրակացություններ արեք (ծիծաղում է)։

– Ո՞րն է ամենածիծաղելի անեկդոտը, որ լսել եք բժիշկների մասին։

– Անեկդոտներ չեմ պատմում, քանի որ տղամարդիկ դա ավելի լավ են անում… Ես պերֆեկցիոնիստ եմ։

– Եվ վերջին հարցը։ Դուք այցելել եք Հայաստան և ոչ մեկ անգամ։ Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները երկրից, ժողովրդից, և իհարկե, բժիշկներից։

– Հայաստանը մեծ մշակույթի և մեծ ավանդույթների երկիր է։ Սիրում և հարգում եմ այս երկրի հետ կապված ամեն ինչ։

– Շատ շնորհակալություն։