Հեղինակ ՝ գրող Գոհար Ռշտունի
Շառլ… Ավելացնել ոչինչ պետք չէ։ Նա միակն է։ Եվ հավերժականը։ Ո՛չ, ոչ ինչպես Աստված: Այլ ինչպես տոն, որը միշտ քեզ հետ է, որի հետ դու մեծացել ես, և որն անսահման թանկ է իր օրինակով, իր ոգով: Նա երբեք չէր սիրում հանձնվել և երբեք չէր կարող հաշտվել պարտության հետ…
Բայց, եթե անկեղծ լինենք, մի՞թե կարող է կայանալ արվեստագետը, մեծ Արտիստը, եթե նա ակնառու անհատականություն չէ։ Եթե նրա մտքի խորությունը չի նպաստում պատմության ընթացքի փոփոխմանը։ Եթե նա չունի ոգու այն հզոր ուժը, որը ջարդուփշուր է անում բոլոր խոչընդոտները նրանով, որ նույնիսկ չի նկատում դրանք։ Ներքուստ տառապող և… անհնազանդ…
Ինը տարեկանում Շառլն ընդգրկվեց թատերական ստուդիայում։ Չէ՞ որ նա մեծանում էր մի ընտանիքում, որտեղ տիրում էին արտիստիզմը, արվեստը, երգը։ Երգում էր նրա հայրը՝ Միշա Ազնավուրյանը, որը ծնվել էր ռուսական Ախալցխայում և ներծծել հայկական ու ռուսական երաժշտությունը. բեմում խաղում էր նրա մայրը՝ Քնար Բաղդասարյանը։ Եվ եթե դուք կարծում եք, որ նա միայն երգիչ է, ցավում եմ ձեզ համար։ Նա մեծ արտիստ է։ Մոտ հիսուն ֆիլմում է նկարահանվել… Տեսե՞լ եք, թե ինչպես է նա խաղացել Հայր Գորիոյին։ Ամեն մի ժեստ, դիմախաղ, հայացքի պարզ փոխանցում…
Սակայն, դուք ճիշտ եք, նա մեծ երգիչ է, բայց նաև այն պատճառով, որ բեմում այդքան հոյակապ է խաղում իր սեփական կյանքից հատվածներ։ Եվ ոչ միայն իր…
Հայրը, ով բարիտոն ուներ, Փարիզում բացում է մի փոքրիկ հայկական ռեստորան, որտեղ ռուս և տարբեր այլ ներգաղթյալների համար երգում է այս անհնարին կարոտով լի «Սև աչքեր» երգը։ Կնոջ՝ դերասանուհու հետ միասին, ստեղծագործական մթնոլորտում դաստիարակում է երեխաներին՝ Շառլին ու նրա ավագ քրոջը՝ Աիդային։
Երեխաները մեծանում են՝ շրջապատված բազմաթիվ արտիստներով, ովքեր այցելում են ռեստորան։ Ինչպե՞ս տղան այդ միջավայրում չդառնար արտիստ:
Այսօր ես ուզում սիրո խոստովանություն անել նրան: Կարծում եմ, կյանաքում գեթ մեկ անգամ դրա իրավունքն ունեմ: (…)
«Դեռ երեկ ես քսան տարեկան էի…» Ես էլ նույնքան էի… 1964 թվականին դու առաջին անգամ համերգային շրջագայությամբ եկար Խորհրդային Միություն՝ որտեղ այցելեցիր Հայաստանում ապրող քո տատիկին: Մենք վաղուց արդեն լսել էինք քո երգերը, երևանյան ուսանողների համար երջանկություն էր դա : Հայկական սփյուռքը մեզ մատակարարում էր ոչ միայն նորաձև հագուստ, այլև փոխանցում էր բոլոր երաժշտական նորությունները հայրենիք եկող զբոսաշրջիկների միջոցով։ Դժվարությամբ էին տեղափոխում ծանր սկավառակները, բայց մենք քեզ գիտեինք ու վաղուց սպասում էինք։
Ինչպես հայտնվեցի համերգին, դա առանձին պատմություն է… Տոմսերը ինձ հասան ԿԿ-ի միջոցով, Շառլ, դու չես հիշում, թե ինչ բան է ԿԿ-ն… Իսկ քո կարգի արտիստների շրջագայությունների տոմսերի բաշխմանը մասնակցում էին նաև չեկիստները. առանց նրանց ինչպե՞ս։ Այո՛, այո՛, չէ՞ որ մենք այդքան ուշ մտածեցինք կազմակերպել քո համերգը բաց երկնքի տակ։ Բայց տոնը սկսվեց արդեն այն ժամանակ, հեռավոր 64-ին, երբ ես կանգնած էի դահլիճի անցուղում և մտածում էի, որ մեկուկես ժամը հեշտությամբ կդիմանամ։
Բայց դու երգեցիր երեք ու կես ժամ, և միևնույն է, ժամանակն աննկատ թռավ… Դա դը Գոլն էր, քո մեծ անվանակիցը, որ ասաց քեզ. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»։
Ես ոչ մի բառ չէի հասկանում նրանից, ինչ դու երգում էիր, չէ՞ որ ես «գերմանուհի» էի դպրոցում, բայց ինչպիսի՛ հուզիչ ձայն ունես դու… «Այս ձայնը, որը, կարծես, կանգնած է աղետի եզրին և ցանկացած պահի կարող է խռպոտել ու լռել, շնչարգելությամբ տառապող, բայց խիզախաբար գագաթը նվաճող լեռնագնացի վեհաշուք ձայնը, վիրավոր թռչնի խուլ ու պատառոտված ձայնը, որը բեմի վրա փետուրների հետ միասին գցում է սիրո հրաշալի երգեր, ագոնիայի մեջ ոլորվող այս ստրադիվարիուսը, հանգած թվացող հրաբխի այս ձայնը, որը բառեր է արտահոսում ավելի շուտ սրտի համար, քան լսողության… լսվում է ամբողջ աշխարհում» (Իվ Սալգ, Շառլ Ազնավուրի կենսագիր)։ Իմ դժվար կյանքում ուժեր եմ քաղում՝ նայելով քեզ նման քաջ մարդկանց…
Դահլիճը, որը լեփ-լեցուն էր տարբեր աստիճանի ծանոթություններ ու կապեր ունեցող հանդիսատեսով, հիացած լսում էր և պայթում ամեն մի, հատկապես ծանոթ երգից հետո։ Օ՛, այդ քո սովորությունը՝ երգել նոր երգեր և անպայման այդ հին, սիրելի երգերը…
Հետո ձեռքից ձեռք սկսեցին գնալ քո գրքերը… հուշեր, բանաստեղծություններ կամ Շառլի երգերի բառեր… և այդ ժամանակ ամեն ինչ տեղը ընկավ։ Դու նաև Պոետ էիր։
Չգիտեմ, թե ինչպես են կառուցվում հիերարխիկ աստիճանները, բայց դու ամուր և ամբողջ կյանքի համար զբաղեցրիր այնտեղ ամենաբարձր աստիճանը։ Քո տեղը։
Time ամսագրի և CNN հեռուստաալիքի համատեղ հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվեց XX դարի լավագույն էստրադային կատարող։ Առաջին տեղի համար պայքարում նա 0առաջ անցավ շոու-բիզնեսի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան և Էլվիս Փրեսլին։ Եվ այդ ժամանակվանից շատերը փորձում են բացահայտել այդ գաղտնիքը։ Եվ քո գործընկերները, հավանաբար, նույնպես։ Բացի քեզանից… Չէ որ դու գիտեիր, թե ինչպիսի տառապանքների միջով ես հասել քո միակ նպատակին՝ արտիստի, նկարչի, արարիչի… Անտեղյակության, մերժման, չընդունելու, կոպիտ արձագանքների և մամուլում ստորացումների միջով… «Ես փորձել եմ այս ամենը։ Ինչպես շատերը, ես ստիպված էի կուլ տալ իմ կողմ նետված թուքը, զսպել իմ արցունքները, և ես թաքցնում էի այդ ամենը իմ մեջ։ Ինչպես շատերը, ես երբեմն պայթում էի ցասումից, ես կոպիտ էի՝ կոպիտ էին ինձ հետ։ Կասկածն ու հուսահատությունը, հաջողակ լինելու ձգացման բացակայությքունը հաճախ ինձ վար էին գցում, բայց ես թաքցնում էի ցավը, փակվում էի իմ պատյանում և ուժեր էի կուտակում իմ մեջ, որպեսզի գոյատևեմ, դիմանամ, որպեսզի պայքարեմ»։ Ի վերջո, իմ դժվար կյանքը, դավաճանությունները և խաբված սերերն ինձ դարձրին նա, ով ես դարձա և կամ…»։
Որպեսզի համոզեր Փարիզին, Ֆրանսիային, ողջ աշխարհին, Ազնավուրը ստիպված էր դիմանալ գրեթե 18-ամյա հետապնդումների, վիրավորանքների, ծաղրի արշավին… Նա անցավ այդ ամենի միջով և հանրությանը սովորեցրեց իր աստվածային ձայնին։
Եվ այնուամենայնիվ, կա քո հանդեպ մեր պաշտամունքի և աներևակայելի սիրո ևս մեկ գաղտնիք։ Թո’ւյլ տուր նաև ինձ մի փոքր բացահայտել այն։ Քո գաղտնիքը նրանում է, որ դու հավատարիմ մնացիր քո արմատներին՝ ողջ աշխարհին ներկայացնելով հայությունը քո անձով…
«Ես ծնվել և մեծացել եմ Փարիզում, բայց իմ արմատներն այնտեղ են՝ Հայաստանում. դա լեզուն է, ավանդույթները, երաժշտականությունը… Ես 5 տարեկան էլ չկայի, երբ սկսեցի հայկական բանաստեղծություններ կարդալ փարիզահայերին…»
Այն, որ դու ծնվել ես Փարիզում, ընդամենը պատահականություն է։ Դա տեղի է ունեցել 1924 թվականի մայիսի 22-ին, երբ քո ծնողները Ֆրանսիայում սպասում էին ԱՄՆ մուտքի արտոնագրին, այսպես կոչված «նանսենյան անձնագրերին»…
Բայց քեզ այնքան է սազում Փարիզը։ Եվ դա երջանկություն է մեզ բոլորիս համար, որ Մարսելը, Լիոնը, Փարիզն ընդունեցին բոլորին, ովքեր փախչում էին թուրքերից և հույս ունեին փրկվել Ֆրանսիայում։
2001 թվականի հունվարին Շառլ Ազնավուրը՝ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչն ու արտիստը, ողջունում է Ֆրանսիայի Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ 2002 թվականի ապրիլին նա ստորագրում է «Կեցցե՛ Ֆրանսիան» խմբի կոչը ընդդեմ այսօրվա Մարիի հոր՝ աջ ռադիկալիստ առաջնորդ Ժան-Մարի Լը Պենի, ով այն ժամանակ անցել էր Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Նույն տարում էկրանին դուրս է գալիս Ցեղասպանության մասին «Արարատ» ֆիլմը՝, որը նկարահանել էր հայկական ծագում ունեցող կանադացին և որտեղ խաղում էր Ազնավուրը։ Այնուհետև, 2003 թվականի ապրիլին, Շառլը ներկա է գտնվում Փարիզում զոհերի հուշարձանի բացմանը։
Բայց քանի որ հիշատակեցի քո հասարակական աշխատանքի մասին, թույլ տուր ևս մեկ անգամ խոստովանեմ, թե ինչի համար ենք մենք (և ոչ միայն մենք) քեզ այդքան անսահման հարգում։
Ես 10-12 տարեկան էի, երբ Երևանի ռադիոյի պատվերով համերգներում հնչում էր աշուղ Ջիվանու «Մայրիկի երգը», որը կատարում էր ոչ տեղացի երգչուհի Աիդա Ազնաուրյանը, իմ լսողությամբ՝ «հայրենադարձ»։ Նա այն երգում էր արևմտահայերենով, մի փոքր խռպոտ, կրծքային ձայնով. «…ջուխտակ շամամներդ ծոցուդ մեջ…» Այս երգը մշտական հաջողություն էր վայելում։ Ո՞վ կարող էր մտածել, որ Աիդա Ազնաուրյանը երգիչ Շառլ Ազնավուրի ավագ քույրն էր, ով վերջնականապես և անդառնալիորեն կնվաճի և՛ հայկական աշխարհը, և՛ ամբողջ աշխարհը ի հավելումն։ Եվ որ տարիներ անց ես կկարդամ նրա հուշերը եղբոր մասին, որտեղ կիմանամ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԸՆՏԱՆԻՔ ԷՐ ԴԱ… և ինչու է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը՝ Ժակ Շիրակը, Ազնավուրին շնորհում Պատվո լեգեոնի սպայի կոչում։
Շառլ, դու, իհարկե, հիշում ես քո ընկեր Միսաքին, միթե՞ կարելի է մոռանալ այդպիսի բոցավառ հայրենասերին։ «Միսաք Մանուշյանը, ում մենք պարզապես Մանուշ էինք կանչում, նույնպես Արևմտյան Հայաստանից էր։ Նրա հայրը՝ գյուղացին, զոհվեց՝ զենքը ձեռքին պաշտպանելով իր տունը թուրքերից, իսկ մայրը մահացավ մի փոքր ուշ՝ սովից։ Մանուշը մեծացել է որբանոցում, բայց շատ էր ուզում սովորել… Մեծ հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանն իր հուշերում գրում է, որ այն օրերին Փարիզում նա անընդհատ հանդիպում էր «սև մազերով, մուգ մաշկով մի երիտասարդի, ով ժամերով նստում էր Սեն-Ժենևիևի գրադարանում, կարդում և գրառումներ անում»։ Նա կլանում էր ամեն ինչ. դասականներ, Ֆրանսիայի պատմաբանների աշխատություններ, Անրի Բարբյուս, Ռոմեն Ռոլան, գրքեր հնագիտության, դիցաբանության և քաղաքատնտեսության վերաբերյալ։ Նա սիրում էր զվարճանք, տոներ, երաժշտություն և կյանքն առհասարակ։ Չխոսելով արդեն այն մասին, որ նա պաշտում էր Մելինեին»։ Սա հիշում է Աիդան՝ քո քույրը և քո տաղանդավոր կոմպոզիտորի՝ Ժորժ Գառվարենցի կինը…
Միսաք Մանուշյանը դարձավ Դիմադրության առաջնորդ, որին մասնակցեց նաև ձեր ընտանիքը, աջակցելով նրան և նրա կնոջը՝ Մելինեին, երբ նրանք ընդհատակում էին։ Դուք փրկում էիք հայերին, հրեաներին, դասալիքներին՝ գիտակցելով անմիջական գնդակահարության վտանգը։ Դուք թաքցնում էիք նրանց ձեր տանը և դրանով փրկում նրանց մահից։ Հիտլերականները փնտրում էին Մանուշին, բայց ոչ Միշան, ոչ Քնարը ոչ մի անգամ չդարձրեցին իրենց դեմքը վտանգավոր ընկերոջից։ Հիշո՞ւմ ես այն հիտլերականին՝ Յուլիուս Ռիտերին, որը պատասխանատու էր 600,000 քաղաքացիական անձանց Գերմանիա պարտադրված աշխատանքի ուղարկելու համար։ Իր ելույթներից մեկում նա ասաց. «Հայերը բնավ էլ արիացիներ չեն, նրանց և հրեաների միջև տարբերություն պետք չէ դնել»։ Դա նոր և վտանգավոր դիրքորոշում էր։ Մանուշի խումբը ոչնչացրեց նրան։ Բայց գրեթե բոլորին հիտլերականները ձերբակալեցին և գնդակահարեցին. այնտեղ կային հայեր, լեհեր, իսպանացիներ, ռումինացիներ, հունգարացիներ։
Ահա թե երբ դու ուժեղ դարձար։ Սովորեցիր արհամարհել վտանգը։ Սովորեցիր սթափ գնահատել քո որակները հաջողության հասնելու համար։
Ես գրում եմ այս տողերը քո «Հավերժական սեր»-ի հնչյունների ներքո։ Վերադառնալով իմ երիտասարդություն… Այդ ժամանակ դու էլ երիտասարդ էիր։ Մենք ծերանում ենք քեզ հետ միասին, և քեզանից սովորում ենք ապրել և չհուսահատվել նաև ծերության մեջ։
Որքա՜ն սերունդներ են ծնվել՝ ժառանգելով քո հանդեպ մեր սերը, Շառլ։ Եվ անսահման պաշտամունքը։

Իսկ քանի՞ սիրելի ես պահում քո սրտում։ Էդիթը, մեծ Էդիթին դու երբեք չես մոռանա։ Եվ Լայզան, ով մնաց ընկեր ամբողջ կյանքի համար… Դու նրա համար երգեր ես գրել… Գեղեցկուհի Ուլլան՝ սերը և կինը, ով դարձավ քեզ ընկեր մինչև կյանքի վերջ…
Ես սիրում եմ նաև քո կանանց, Շառլ։ Եվ քո սերը երեխաների հանդեպ, ծնողների հարգանքը հիացնում են ինձ։
Երբ դու մինչև հիմա դուրս ես գալիս բեմ և շարունակում երգել, ողջ աշխարհը հիացմունք է ապրում, արդյո՞ք կա մեկը, ում համար դու անհայտ ես։
Բայց կա քո հմայքի գաղտնիքը, քո էության առեղծվածը։
Կարող են ուսումնասիրել քո ողջ կենսագրությունը, տարիներով բաժանել հաջողություններն ու անհաջողությունները, ոչ մի րոպե չդադարող աշխատանքը, ստեղծագործությամբ լի օրերը։
Բայց քո գաղտնիքը ոչ ոք չի կարող բացահայտել…
(Նյութը է 2017 թվականին՝ մեծն երգչի կյանքի օրոք)