Կնոջ առողջությունը ողջ ընտանիքի առողջությունն է

Կանանց առողջությունը բարդ մեխանիզմ է, մի առանձնահատուկ համակարգ, որում անընդհատ ինչ-որ բան փոխվում է: Եվ այս փոփոխական համակարգը մշտական հսկողության կարիք ունի: Միայն այդպես կարելի է կանխել տարբեր կանացի խնդիրների ու հիվանդությունների զարգացումը, ինչպես նաև բարձրացնել կյանքի ընդհանուր որակը և վայելել հարազատների ու մտերիմների հետ անցկացրած յուրաքանչյուր նոր օրը:

Կանանց օրգանիզմի որոշ առանձնահատկությունների, առավել տարածված գինեկոլոգիական հիվանդությունների, դրանց բուժման և կանխարգելման մասին մեզ հետ զրուցում է «Շենգավիթ» ԲԿ-ի Օպերատիվ գինեկոլոգիայի և էնդոսկոպիայի բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, էնդոկրինոլոգ և ռեպրոդուկտոլոգ Անդրանիկ Էդուարդի Ավանյանը:

 

Բժիշկ Ավանյան, խնդրեմ պատմեք, ի՞նչ խնդիրներով են Ձեզ ամենից հաճախ դիմում կանայք:

— Խնդիրները, իհարկե, շատ են, սակայն առաջին տեղում շարունակում է մնալ անպտղությունը, ընդ որում, դրա պատճառները մեծամասամբ մանկուց անուշադրության մատնված հիվանդություններն են, որոնք տարիքի հետ նորից սկսում են ի հայտ գալ, օրինակ՝ քրոնիկ տոնզիլիտը՝ վերին շնչուղիների հիվանդությունը, որը բնութագրվում է նշիկների երկարատև բորբոքային պրոցեսով: Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, կապ կա քրոնիկ տոնզիլիտի և անպտղության հանգեցնող հորմոնալ խանգարումների միջև: Թարախային վարակի մշտական օջախն օրգանիզմի ինտոքսիկացիա է առաջացնում, ինչը հանգեցնում է գլխուղեղի այն հատվածի վնասմանը, որը պատասխանատու է հորմոնների արտադրության համար:

Հայաստանում անպտղության մեկ այլ տարածված պատճառն է հայ կանանց մոտ մակերիկամների ֆունկցիայի խանգարումների՝ ԲՄՄԴ-ի (բնածին մակերիկամային մակեղեդային դիսֆունկցիա) նախատրամադրվածությունը: Սրանք տարբեր էնդոկրին ախտաբանություններ են, որոնք պայմանավորված են կանանց օրգանիզմում տղամարդկային սեռական հորմոնների ավելորդ արտադրությամբ:

Ցավոք, ծնողներին առաջին հերթին անհանգստացնում է այս խնդրի էսթետիկ կողմը, օրինակ՝ հիրսուտիզմը՝ աղջկա մաշկային ծածկույթի մազակալումն ըստ տղամարդկային տիպի: Բայց սա հիմնական խնդրի միայն հետևանքն է: Եթե ժամանակին չզբաղվենք դրանով, ապա այն հետագայում կարող է հանգեցնել տարբեր ծանր վիճակների, այդ թվում՝ անպտղության:

Հորդորում եմ դեռահաս աղջիկների մայրերին. Ձեր դուստրերի սեռական զարգացման ցանկացած խանգարման առաջին իսկ նշանների դեպքում մի հետաձգեք այցն էնդոկրինոլոգի և մանկական գինեկոլոգի մոտ: Որքան շուտ հայտնաբերվի խնդիրը, այնքան մեծ կլինեն Ձեր դուստրերի շանսերը՝ խուսափելու վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներից: Եվ հիշե՛ք, Ձեր երեխաների առողջության համար պատասխանատուն առաջին հերթին դուք եք, իսկ հետո նոր բժիշկները: Մի՛ փորձեք ինքնուրույն լուծել նման խնդիրները՝ հիմնվելով ինտերնետից ստացած գիտելիքների կամ ծանոթների, հարազատների ու հարևանների խորհուրդների վրա: Վստահե՛ք մասնագետներին:

-Բժիշկ, կցանկանայի խոսենք նաև կանանց այնպիսի ախտաբանության մասին, ինչպիսին է արգանդի վզիկի էրոզիան: Վերջին շրջանում այս խնդրի նկատմամբ վերաբերմունքը փոքր-ինչ փոխվել է, իսկ որոշ բժիշկներ ընդհանրապես դա ախտաբանություն չեն համարում…

 — Էրոզիան «վերք» է, արգանդի վզիկի լորձաթաղանթի ամբողջականության խախտում, որն ինքնաբերաբար դառնում է «դարպաս»՝ վարակների ներթափանցման համար դեպի արգանդ և հավելումներ: Սա կարող է հրահրել փոքր կոնքի օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդությունների զարգացումը: Արգանդի վզիկի էրոզիայի ամենավտանգավոր բարդությունը նրա չարորակ գոյացության վերածվելն է (60% դեպքերում, եթե էրոզիան չբուժվի): Հենց այդ պատճառով կարևոր է այն հնարավորինս շուտ հայտնաբերել և ճիշտ բուժում իրականացնել:

— Իսկ ծննդաբերությունն ինչ-որ կապ ունի՞ արգանդի վզիկի էրոզիայի առաջացման հետ:

— Ծննդաբերությունից հետո կնոջ մոտ կարող է տեղի ունենալ արգանդի վզիկի ցերվիկալ խողովակի լորձաթաղանթի արտաշրջում: Բժշկության մեջ այս ախտաբանական վիճակը կոչվում է էկտրոպիոն (կեղծ էրոզիա): Սակայն ժամանակի ընթացքում, մշտական մեխանիկական շփման և վարակման հետևանքով, այն նույնպես կարող է վերածվել էրոզիայի, որը, իմ անձնական համոզմամբ, անհրաժեշտ է բուժել: Ավելի ճիշտ, ոչ թե հենց իրեն, այլ այն պատճառը, որը հանգեցրել է էրոզիայի առաջացմանը: Անհրաժեշտ է նաև անցկացնել վիրուսաբանական հետազոտություն, քանի որ պապիլոմավիրուսի որոշ շտամներ հակված են արգանդի վզիկի չարորակ պրոցեսի զարգացման հրահրմանը:

— Ինչպե՞ս կարող է կինն իմանալ, որ ունի արգանդի վզիկի էրոզիա:

— Կինն ինքնուրույն չի կարող նման ախտորոշում դնել: Դա կարող է անել միայն գինեկոլոգը զննման ժամանակ: Կնոջը պետք է անհանգստացնեն այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են քորը, չորությունը կամ, հակառակը, հեշտոցային արտադրությունը, տհաճ զգացողություններն ու անհարմարավետությունը սեռական ակտի ժամանակ և այլն:

Կանանց վերարտադրողական համակարգի ամենատարածված ախտաբանություններից մեկն է արգանդի միոման։ Խնդրեմ, մեր ընթերցողներին պատմեք, ի՞նչ հիվանդություն է դա և ո՞րոնք են դրա առաջացման պատճառները:

 — Արգանդի միոման արգանդի մկանային շերտում տարբեր տեղակայման բարորակ նորագոյացություն է (ուռուցք): Այն կարող է առաջանալ սեռական հասունացումից հետո ցանկացած ժամանակ, սակայն, որպես կանոն, դա տեղի է ունենում 30 տարեկանից հետո: Ի գիտություն կանանց, միոման, թեև ուռուցք է, բայց չարորակ չէ, ուստի դրա ախտորոշման դեպքում խուճապի մատնվել պետք չէ: Մյուս կողմից, այն անտեսել նույնպես չի կարելի: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր ինքն իրեն հարգող կին, հատկապես 35+ տարիքում, պետք է տարին գոնե մեկ անգամ կանխարգելիչ զննում անցնի գինեկոլոգի մոտ: Նման մոտեցման դեպքում ցանկացած նորագոյացություն, այդ թվում՝ միոման, կախտորոշվի սկզբնական փուլերում, և այդ դեպքում բուժումը կլինի առավել արդյունավետ:

— Հայաստանում, ցավոք, կանայք միշտ չէ, ավելի ճիշտ, շատ հազվադեպ են հետևում այս կանոնին: Ի՞նչ ախտանշաններ պետք է անհանգստացնեն նրանց և ստիպեն գնալ գինեկոլոգի մոտ:

 — Ցավը, ցիկլի խանգարումը, առատ արյունահոսությունը (երբեմն մակարդուկներով), դաշտանի ց անկացած ուշացում, եթե հղիության թեստը բացասական է, պետք է անհանգստացնի կնոջը: Նորմալ ցիկլը տևում է 21-ից 35 օր՝ 3-7 օրվա արյունահոսությամբ, հետևաբար, ավելի երկար ցիկլը և 7 օրից ավելի արյունահոսությունը գինեկոլոգի դիմելու առիթ են:

Արգանդի միոմայի ախտորոշումը, որպես կանոն, սկսվում է գինեկոլոգիական զննումից: Հիվանդը գալիս է գինեկոլոգի մոտ, ով (բավարար փորձ ունենալու դեպքում) գինեկոլոգիական զննման միջոցով կարող է որոշել արգանդի չափսերի մեծացման առկայությունը: Այնուհետև սովորաբար նշանակվում է ուլտրաձայնային հետազոտություն և այլ գործիքային մեթոդներ, որոնք տալիս են ախտաբանական պրոցեսի ամբողջական պատկերը:

Անուշադրության մատնված միոման կարող է աճել մինչև հասուն հղիության չափերի: Այս դեպքում կտրուկ մեծանում է դրա չարորակացման ռիսկը: Այդ ժամանակ դեղորայքային բուժումն արդեն բավարար չի լինի:

— Գոյություն ունե՞ն արդյոք արգանդի միոմայի վիրահատական բուժման բացարձակ ցուցումներ:

— Դե, նախ, դա ուռուցքի չափսն է (ավելի քան 5 սմ), բազմաթիվ ուռուցքները, ցավային համախտանիշի առկայությունը: Միոման կարող է հետ զարգանալ (ռեգրեսիա) պերիմենոպաուզալ շրջանում: Ուստի, եթե կինը կլիմաքսի շեմին է, ապա վիրահատությունը կարելի է հետաձգել: Մենոպաուզայից հետո նոր միոմաները հազվադեպ երևույթ են, թեև լինում են նաև նման դեպքեր:

Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել մեկ այլ բարորակ նորագոյացության վրա, ինչպիսին է էնդոմետրիումի հիպերպլազիան: Սակայն մենոպաուզայի շրջանում ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ, այսինքն՝ հորմոնալ բուռն ակտիվության ժամանակ, այն արագ տեմպերով կարող է անցում կատարել չարորակ գոյացության:

Ուստի, ես բոլոր կանանց կոչ եմ անում ավելի պատասխանատու վերաբերվել իրենց առողջությանը: Չէ՞ որ նրանք պետք է հասկանան, որ իրենց ընտանիքներին առավելագույնս առողջ մայրեր են պետք՝ ընտանիքում առողջ մթնոլորտ պահպանելու համար: Երբեմն այն հարցին, թե ինչու է կինն իրեն հասցրել նման վիճակի և ժամանակին չի դիմել բժշկի, լսում ես պատասխանը. «Չէի ուզում անհանգստացնել և տխրեցնել ամուսնուս ու երեխաներիս»: Սակայն այդ բոլոր մտավախություններն անհեթեթություն են՝ համեմատած այն դժբախտությունների հետ, որոնք կարող են պատուհասել ընտանիքին, եթե մայրն այնպիսի վիճակում հայտնվի, երբ նրան փրկելն արդեն դժվար լինի:

Կարծում եմ, հենց «քաղցկեղ» ախտորոշման վախն է կանգնեցնում մարդկանց, մասնավորապես կանանց, ժամանակին դիմել բժշկի…

— Ճիշտ եք, սակայն մարդիկ պետք է հասկանան, որ ուռուցքաբանական հիվանդության վաղ փուլերում հայտնաբերումը միակ ճանապարհն է, որի շնորհիվ հնարավոր է լիովին հաղթահարել հիվանդությունը նվազագույն կորուստներով, այդ թվում՝ ֆինանսական: Բացի այդ, ինչպես հայտնի է, քաղցկեղը զարգացման սկզբնական փուլերում չունի արտահայտված ախտանշաններ, և միայն ժամանակին ախտորոշումն է ունակ հայտնաբերելու հիվանդության սաղմերը: Կանանց սեռական օրգանների ամենատարածված ուռուցքային հիվանդություններն են արգանդի վզիկի և ձվարանների քաղցկեղը: Ես հորդորում եմ բոլոր 40+ տարեկան կանանց տարին մեկ անգամ անցնել Պապ-թեստ: Ռիսկի խմբում են նաև երիտասարդ կանայք, ովքեր ունեցել են արգանդի վզիկի հիվանդություններ, ծննդաբերության ժամանակ պատռվածքներ և այլն:

Բժիշկ Ավանյան, կցանկանայի խոսել նաև կանանց այնպիսի տարիքային խնդիրների մասին, ինչպիսիք են հեշտոցի պատերի իջեցումը և արգանդի իջեցումը:

 — Վերոնշյալ խնդիրներն առաջանում են ոչ թե տարիքի հետ, այլ ծննդաբերության ժամանակ սեռական օրգանների տրավմատիզացիայի հետևանքով: Սակայն տարիքի հետ, մկանների առաձգականության նվազման հետևանքով, խնդիրն ավելի շոշափելի է դառնում: Այս ախտաբանության առկայության մասին վկայող ամենավաղ ազդանշաններն են սեռական ֆունկցիայի խանգարումը, զգայունության նվազումը, ինչպես նաև անհարմարավետությունը: Սակայն շատ հայ կանայք դրանք բժշկի դիմելու լուրջ պատճառ չեն համարում և բուժզննման են գալիս միայն այն ժամանակ, երբ գործը հասնում է արգանդի մասնակի կամ լրիվ իջեցման կամ միզարգելքի: Սա խիստ սխալ մոտեցում է, քանի որ այս խնդիրն անմիջականորեն ազդում է ամուսինների սեռական կյանքի որակի վրա: Բացի այդ, արգանդի և հեշտոցի պատերի իջեցումը ախտաբանություն է, որն անխուսափելիորեն զարգանում է տարիների ընթացքում և կարող է հանգեցնել դրա լրիվ իջեցմանը: Այս դեպքում ստիպված կլինեն պլաստիկ վիրահատություն կատարել՝ արգանդը ելման դիրքին վերադարձնելու համար, որը կարող է կատարել միայն բարձր որակավորում ունեցող մասնագետը: Անհաջող կատարված վիրահատությունը կարող է հանգեցնել հիվանդի հաշմանդամության:

Կպատմեք, թե ինչպե՞ս եք Դուք եկել բժշկություն և ինչու՞ եք ընտրել մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը:

 — Ես բժշկական դինաստիայի հինգերորդ սերնդի ներկայացուցիչն եմ, ուստի, ինչպես հասկանում եք, այլ ընտրություն չունեի (ծիծաղում է), և դա արդեն գենետիկ նախատրամադրվածություն է: Հավանաբար, յուրաքանչյուրը, ով ընտրում է այս մասնագիտությունը, առաջնորդվում է նույն ձգտումով՝ օգնել մարդկանց, պահպանել նրանց առողջությունը, իսկ երբեմն էլ՝ փրկել կյանքեր: Մանկաբարձությունն ու գինեկոլոգիան ամենահետաքրքիրներից, բայց միևնույն ժամանակ ամենավտանգավոր և պատասխանատու բժշկական մասնագիտություններից են: Մանկաբարձությունում տեղի ունեցող իրավիճակները միայն փոքր չափով են կախված բժշկից, նրա որակավորման մակարդակից: Մեծ մասը սոցիալական, բնական, էկոլոգիական բաղադրիչներն են, և, իհարկե, շատ բան կախված է հիվանդի և նրա հարազատների մշակույթից, ինտելեկտից ու համարժեքության աստիճանից:

Շատ հաճախ այս կամ այն խնդրի առաջացման դեպքում կանայք նախընտրում են «ինքնաբուժվել»՝ չդիմելով մասնագետների օգնությանը, իսկ երբ իրավիճակը կրիտիկական է դառնում, գալիս են և անհնարինը պահանջում բժշկից: Իհարկե, այստեղ խոսքը բժշկական էթիկայի խախտման մասին չէ: Իմ՝ որպես բժշկի համար, բարձրագույն արժեքը մարդկային առողջությունն է: Եվ եթե մարդն ինձ է վստահել իր առողջությունը, ես պետք է ինձնից կախված  առավելագույնս անեմ, որպեսզի  օգնեմ նրան հաղթահարել խնդիրը:

Իմ սկզբունքներից մեկն էլ հիվանդին պացիենտի կարգավիճակ տեղափոխելն է: Ի՞նչ է դա նշանակում: Այն հիվանդներին, որոնց ես վիրահատել եմ, ես չեմ թողնում ճակատագրի քմահաճույքին, կապ եմ պահպանում նրանց հետ, քանի որ ցանկացած իրավիճակ կարող է կրկնվել: Ուստի, պացիենտը պետք է լինի բուժող բժշկի հսկողության տակ և տարին գոնե մեկ անգամ հետազոտվի: