Խորագիրի հյուրն է մաշկավեներաբան Անի Կարագադյանը՝ Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի ասիստենտ (ք. Մոսկվա):
Մաշկի ծերացումը (ժամանակագրական և ֆոտոծերացումը) բարդ, բազմագործոն և ա
նխուսափելի գործընթաց է, որն ուղեկցվում է մաշկի բիոմեխանիկական հատկությունների և դրա կառուցվածքային-ֆունկցիոնալ կազմակերպվածության ռեգրեսիվ փոփոխություններով:
Ինչո՞վ է պայմանավորված Աուտո—ԹՀՊ—ի կիրառման արդիականությունը
Մաշկի տարիքային փոփոխություններն օրգանիզմի ծերացման առաջին տեսանելի նշաններից են, և այդ առումով մաշկի ծերացման խնդիրը արդիական է մնում արդեն շատ սերունդների համար: Վերջին շրջանում նկատվում է դեմքի մաշկի արտաքին տեսքի զգալի ազդեցությունը մարդու սոցիալական բարեկեցության, հասարակության մեջ հարմարվողականության և կյանքի որակի վրա: Դեմքի մաշկի ինվոլյուցիոն (հետաճային) փոփոխությունների հիմնական նշաններն են տուրգորի նվազումը, կնճռոտվածությունը և տարիքային դեֆորմացիան:
Ներկայումս բժշկության տարբեր ոլորտների մասնագետներ՝ ոչ միայն մաշկաբաններ և կոսմետոլոգներ, այլև պլաստիկ վիրաբույժներ, ախտահյուսվածաբաններ, ախտաֆիզիոլոգներ և գենետիկներ, ակտիվորեն զբաղվում են այս խնդրով՝ մշակելով շտկման տարբեր մեթոդներ և միջոցներ:
Բժշկության զարգացման արդի փուլում դեմքի մաշկի ինվոլյուցիոն փոփոխությունների շտկման մեթոդներին ներկայացվող պահանջներն են՝ անվտանգություն, կողմնակի ազդեցությունների և բարդությունների բացակայություն, նվազագույն վերականգնողական շրջան, անվնասություն, ինչպես նաև տնտեսական նպատակահարմարություն:
Այս բոլոր պահանջներին համապատասխանում է թրոմբոցիտներով հարուստ աուտոլոգիական պլազմայի ներմաշկային ներարկման մեթոդը՝ որպես բջջային միտոգենների (PDGF, TGF, VEGF և IGF) աղբյուր, որոնք խթանում են դերմայի ֆիբրոբլաստների պրոլիֆերատիվ (բազմացման) և սինթետիկ ակտիվությունը:
Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Աուտո—ԹՀՊ—ի կիրառումից հետո
Աուտո-ԹՀՊ բուժման կուրսից հետո կարելի է նկատել դեմքի մաշկի գույնի և ռելիեֆի զգալի բարելավում, մանր կնճիռների նվազում, մաշկի խոնավեցում և սնուցում, ակնեի և պոստակնեի վերացում, ծերացման և թառամման գործընթացների դանդաղեցում, տուրգորի և առաձգականության բարձրացում, ինչպես նաև դեմքի մաշկի միկրոշրջանառության բարելավում:
Որքա՞ն է տևում Աուտո—ԹՀՊ բուժման կուրսը
Դեմքի մաշկի ինվոլյուցիոն փոփոխությունների շտկման կուրսի առաջարկվող տևողությունը 3-5 միջամտություն է՝ 7-10 օրը մեկ անգամ ընդմիջումով: Պահպանողական միջամտությունները (1-2 այցելություն) կարող են իրականացվել 3-6 ամիսը մեկ անգամ:
Կարելի՞ է արդյոք պլազմոլիֆտինգը համակցել այլ միջամտությունների հետ
Մեթոդիկան ունիվերսալ է և կարող է կիրառվել ոչ միայն որպես մոնոթերապիա, այլև հետևյալ մեթոդների հետ համակցված.
- Լազերային թերապիա
- Ֆոտոերիտասարդացում
- Ռադիոալիքային լիֆտինգ (RF)
- Քիմիական պիլինգներ
- Կոնտուրային պլաստիկա
- Թելային լիֆտինգ
- Նախապատրաստում և վերականգնում պլաստիկ վիրաբուժության մեջ
Ի՞նչ հակացուցումներ ունի այս միջամտությունը
- Հղիություն, կրծքով կերակրում
- Ուղեկցող հիվանդությունների առկայություն՝ արյան համակարգային հիվանդություններ, հեպատիտ B և C, ՄԻԱՎ վարակ, շաքարային դիաբետ, ինֆեկցիոն հիվանդություններ, իմունային համակարգի հիվանդություններ, բարձր ջերմություն, լյարդի քրոնիկ հիվանդություններ
- Չարորակ նորագոյացություններ
- Հեպարինի նկատմամբ անհատական անտանելիություն
- Հակակոագուլյանտների (արյունը ջրիկացնող դեղամիջոցների) ընդունում