Խորագիրը վարում է դիետոլոգ Ռոզա Էդուարդի Մնացականյանը, Մոսկվայի ՙՙDr.Rose՚՚ Առողջ և Ճիշտ Սննդակարգի Դպրոցի հիմնադիր և ղեկավարը:

Նախաճաշը շատ կարևոր կերակրի ընդունում է, և այն բաց թողնել չի կարելի։ Ճիշտ նախաճաշը նպաստում է մեր նյութափոխանակության արագացմանը, թույլ չի տալիս մեծ չափաբաժին ուտել ճաշին և տալիս է լավ տրամադրություն ամբողջ օրվա համար։ Ի դեպ, նախաճաշել պետք չէ արթնանալուց անմիջապես հետո։ Ավելի լավ է նախապես խմել 1 բաժակ ջուր և սպասել 30 րոպե, որպեսզի օրգանիզմն ամբողջությամբ արթնանա։
Իմ բժշկական պրակտիկայում ես հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր խոստովանում են, որ առավոտյան ուտելու ցանկություն չունեն։ Դրա հիմնական պատճառներից մեկը ուշ ընթրիքն է։ Վերջին կերակրի ընդունումը պետք է լինի քնելուց առնվազն 4 ժամ առաջ։ Պատկերացրեք, թե որքան դժվար է ձեր օրգանիզմին, երբ դուք քնում եք «կուշտ» ստամոքսով։ Սակայն առավոտյան ախորժակի բացակայությունը կարող է ունենալ նաև այլ պատճառներ, օրինակ՝ ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի աշխատանքի խանգարումներ։ Այս պաթոլոգիաները բացահայտելու կամ բացառելու համար խորհուրդ եմ տալիս անցնել այդ օրգանների ախտորոշիչ հետազոտություն։
Ի՞նչ պետք է հաշվի առնել նախաճաշ պատրաստելիս։
Առաջինը պատրաստման արագությունն է, քանի որ առավոտյան բոլորը շտապում են։ Երկրորդը՝ այն պետք է լինի հավասարակշռված և սննդարար, այսինքն՝ պարունակի մեր օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր տարրերը, ներառյալ բջջանյութը (կլետչատկա), որը խթանում է աղիների և ամբողջ մարսողական տրակտի աշխատանքը։
Նախաճաշի «Ստոպ»-մթերքները
Առողջությանը վնաս չտալու համար առավոտյան սննդակարգից պետք է բացառել այնպիսի մթերք, ինչպիսին է երշիկը (վստահ եմ, որ շատերն իրենց օրը սկսում են երշիկով բուտերբրոդով, սակայն չպետք է մոռանալ, որ դրա բաղադրության մեջ մտնում են օրգանիզմի համար բազմաթիվ վնասակար նյութեր)։ Նախաճաշին նաև խորհուրդ չի տրվում ուտել ցիտրուսայիններ, քանի որ դրանք կարող են գաստրիտ առաջացնել։ Դրանք և մյուս մրգերն ավելի լավ է թողնել երկրորդ նախաճաշի համար (որպես միջանկյալ ուտեստ)։
Սխտորի օգտագործումից նույնպես ավելի լավ է ձեռնպահ մնալ։ Իհարկե, այն ամենահզոր հակաօքսիդանտներից մեկն է, որը պայքարում է բազմաթիվ հիվանդությունների հարուցիչների դեմ, նպաստում է արյան մեջ խոլեստերինի իջեցմանը, բայց դրա մեջ պարունակվող ալիցին նյութը գրգռում է ստամոքսի պատերը։ Կարմիր միսը նույնպես մտնում է այն մթերքների ցանկի մեջ, որոնք չպետք է ուտել նախաճաշին։ Այն պարունակում է շատ տարրեր, որոնք մանրակրկիտ մշակում են պահանջում։
Կոնֆետները, թխվածքաբլիթները, պաղպաղակը հաջորդն են նախաճաշի «ստոպ»-մթերքների ցանկում։ Մեր օրգանիզմի, մասնավորապես ենթաստամոքսային գեղձի համար, առավոտյան այդքան մեծ դոզա շաքար ստանալը կործանարար է։ Բացի այդ, դրանք կարող են մեծ վնաս հասցնել մեր կազմվածքին։ Սակայն շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս կալորիական մթերքներ, ներառյալ քաղցրավենիք, օգտագործել հենց օրվա առաջին կեսին, բայց դա չի նշանակում, որ դրանք կարելի է ուտել քաղցած փորին։ Եթե շատ եք ցանկացել քաղցր, ապա ավելի լավ է նախաճաշի և ճաշի միջև փոքր կտոր ուտել և հանգստանալ։
Կծու, աղի ուտեստները, ապխտած միսը, խոզի միսը, աղի ձուկը նույնպես հարմար չեն առավոտյան կերակր ընդունման համար, քանի որ դրանք կարող են վնասել մարսողության օրգանները։
Առավոտյան սուրճ. այո՞, թե՞ ոչ։
Շատերն իրենց օրը սկսում են մի բաժակ բուրավետ սուրճով։ Պետք է ասեմ, որ սուրճը շատ դրական և բացասական կողմեր ունի, ինչի մասին վկայում են տարբեր գիտական հոդվածներ։ Այնուամենայնիվ, սուրճը չի կարելի խմել քաղցած փորին։ Անհրաժեշտ է նախ ինչ-որ բան ուտել և միայն հետո վայելել սիրելի ըմպելիքը, հակառակ դեպքում կարող եք գրգռում և ցավեր առաջացնել ստամոքսում։ Ի դեպ, կարելի է խմել միայն բնական, ոչ թե լուծվող սուրճ։
5 օգտակար նախաճաշ Dr. Rose-ից
-
Վարսակաձավար (Օվսյանկա) Ջրով պատրաստված վարսակաձավարը լավագույն մեկնարկն է օրվա համար։ Եթե այն ձեզ համար չափազանց անհամ է, կարող եք ավելացնել մի փոքր դարչին, որը նպաստում է ճարպերի այրմանը։ Նաև խորհուրդ եմ տալիս այդ շիլային ավելացնել դդմի սերմեր, որոնք հարուստ են վիտամիններով, միկրո- և մակրոտարրերով։ Դրանք նպաստում են խոլեստերինի իջեցմանը և իմունիտետի բարձրացմանը, վերացնում են աղիներում գազերի առաջացման գործընթացները։
-
Հնդկաձավարի շիլա Հնդկաձավարի շիլա պատրաստելիս ցանկալի է ձավարը թրջել և թողնել ամբողջ գիշեր։ Այսպես դուք կպահպանեք հնդկաձավարի մեջ պարունակվող բոլոր օգտակար նյութերը։ 0,5 բաժակ հնդկաձավարի համար անհրաժեշտ է վերցնել 1 բաժակ եռացրած ջուր, ամուր փակել կափարիչով (կարելի է նույնիսկ սրբիչով փաթաթել) և թողնել ամբողջ գիշեր։ Մինչև առավոտ շիլան պատրաստ կլինի։ Օգտագործելուց առաջ կարելի է համեմել ձիթապտղի յուղով և մի պտղունց ծովի աղով։

-
Ձվածեղ (Օմլետ) Ձվածեղը հիանալի սպիտակուցային նախաճաշ է։ Այն, ի դեպ, կարելի է պատրաստել տարբեր բանջարեղեններով։ Դա կավելացնի դրա օգտակարությունը։ Օրինակ, կարելի է պատրաստել ձվածեղ բրոկկոլիով կամ քաղցր բուլղարական պղպեղով։
-
Կաթնաշոռ հատապտուղներով Կարելի է նաև պատրաստել ոչ պակաս օգտակար և գեղեցիկ նախաճաշ կաթնաշոռով և հատապտուղներով (միայն թթու հատապտուղներ մի վերցրեք)։ Իսկ նախաճաշը չհագեցած ճարպաթթուներով լրացնելու համար դրան կարելի է ավելացնել կտավատի սերմեր, որոնք շատ օգտակար են մեր օրգանիզմի համար։ Ի դեպ, մեկ ճաշի գդալ կտավատի սերմերում պարունակվում է մոտավորապես 1.8 գր. օմեգա-3 թթուներ։ Սա գերազանցում է այդ օգտակար տարրի օրական նորման ինչպես կանանց (1.1 գր.), այնպես էլ տղամարդկանց (1.6 գր.) համար, ուստի բավական կլինի օգտագործել ոչ լիքը ճաշի գդալ այդ սերմերից։

-
Վարսակաձավարի փաթիլներ յոգուրտով Հում վարսակաձավարի փաթիլները յոգուրտով և ընկույզով նույնպես հիանալի նախաճաշ են։ Բայց յոգուրտը պետք է լինի բնական, առանց լցոնիչների, առանց ներկանյութերի պարունակության։ 150 գր. բնական յոգուրտին ավելացնում ենք 1 ճաշի գդալ հում վարսակաձավարի փաթիլներ և նուշ (մոտավորապես 10 հատ), և ձեր հավասարակշռված ու լիարժեք նախաճաշը պատրաստ է։
Սիրելի՛ ընկերներ, մի մոռացեք, որ ճիշտ նախաճաշը նրբակազմ կազմվածքի և առողջության պահպանման ճանապարհն է։
Բարի ախորժակ և եղե՛ք առողջ։ Սիրով՝ բժիշկ Ռոզա Էդուարդի։