Պետք չէ սպասել երջանկությանը, այլ երջանկիկ լինել այժմ և այստեղ

«Մտավոր առողջություն» բաժնի հյուրը փորձառու կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանն է:

 

Հարգելի Նարինե, 35-45 տարեկան մարդիկ ի՞նչ խնդիրներով են առավել հաճախ դիմում Ձեզ։

– Այդ տարիքի մարդկանց անհանգստացնող առաջին հարցն է՝ «ո՞վ եմ ես, և ո՞րն է իմ առաքելությունը»։ Եթե մինչ այդ նրանք ապրում էին պահով, օրով, ժամով, զգացմունքներով ու հույզերով, ապա այս տարիքում նրանք ավելի ընտրողական են դառնում իրենց նախասիրություններում ու ընտրության հարցում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում կա երկու կարևոր օր՝ ծննդյան օրը և այն օրը, երբ նա գտնում է իր կոչումը կյանքում։ Վերջինս ես անվանում եմ գիտակցված ծննդյան օր, երբ առաջնային են դառնում բարոյական նորմերը, բարձրանում է պատասխանատվությունն իր կյանքի համար։ Շատերն ափսոսանք են ունենում գործած սխալների, բազմաթիվ չիրականացված ծրագրերի համար, դառնություն է առաջանում այն բանից, որ հնարավորությունները տարիքի հետ սահմանափակվում են։ Այս ամբողջը համալիրում կոչվում է միջին տարիքի ճգնաժամ։

– Երբ խոսում ենք միջին տարիքի ճգնաժամի մասին, հիմնականում տղամարդկանց ենք նկատի ունենում։ Ճի՞շտ է, որ կանայք ավելի քիչ են ենթարկվում այդ խնդրի հետ։

– Ճգնաժամերը, անկախ սեռից, ուղեկցում են մարդուն ողջ կյանքի ընթացքում։ Դա քո նոր ծնունդն է այլ տարիքում և նոր որակով, որը շատ ցավոտ է։ Միջին տարիքի ճգնաժամը գալիս է այն ժամանակ, երբ մարդը սկսում է անհանգստանալ, որ իր երիտասարդությունն ավարտվում է։ Դրա գիտակցումն արդեն սթրես է, սակայն տղամարդկանց համար այն, որպես կանոն, ավելի ցավոտ է, քան կանանց համար։

– Իսկ արտահայտման մեջ տարբերություններ կա՞ն։

– Որոշակի տարբերություններ, իհարկե, կան, սակայն մեր օրերում կանայք ավելի հաճախ են իրենց վրա վերցնում տղամարդկանց բնորոշ հատկանիշները՝ բավարարելու իրենց այն կարիքները, որոնք երկար տարիներ չեն կարողանում ստանալ տղամարդկանցից…

– Իսկ քնքշանքի ու փայփայանքի, «ուժեղ ուսի» կարիքը։

– Իհարկե, չկա մի կին, որը քնքշանքի կարիք չունենա, սակայն 35 տարեկանից հետո այդ կարիքը երկրորդական է դառնում, հատկապես, երբ խոսքը ինքնաբավ, կայացած կնոջ մասին է։ Իսկ ահա «ուժեղ ուսի», ինչպես նաև հոգևոր աջակցության կարիք, իմ կարծիքով, ունի ցանկացած կին, որքան էլ ուժեղ լինի… Իմ անձնական դիտարկումներից՝ հասուն կանայք ամուսնանում են ոչ թե «ամուսնացած կնոջ» կարգավիճակի համար, և նույնիսկ ոչ այն պատճառով, որ ուզում են երեխաներ ունենալ. դրա համար պարտադիր չէ ամուսնանալ…

– Ի դեպ, գիտակցված «միայնակ» մայրությունը, թեև նորույթ չէ մեր հասարակության մեջ, այնուհանդերձ, ոչ միշտ է ողջունվում նրա կողմից։ Հավանաբար, կինը նախքան այդ քայլին դիմելը, հոգեբանական աջակցության կարիք ունի…

– Իսկապես, հասարակությունը դեռ լիովին պատրաստ չէ ողջունելու կանանց այս քայլը։ Սակայն ես, որպես հոգեբան, միշտ պատրաստ եմ աջակցել նրանց այս կարևոր որոշման մեջ։ Մայրությունը ցանկացած նորմալ կնոջ բնական, ես կասեի, գլխավոր կարիքն է, և այն երբեմն այնքան ուժեղ է լինում, որ կինը պատրաստ է ամբողջությամբ անտեսել հասարակության կարծիքը։ Յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի երջանկության, ապրի այնպես, ինչպես ինքն է ուզում, հատկապես, եթե նրա ցանկություններն ու արարքները չեն վնասում հասարակությանը։ Որքան էլ կինը հաջողակ լինի, նա թերարժեքության զգացում կունենա, քանի դեռ չի բավարարել մայրության իր բնական կարիքը։ Եվ ի՞նչ անի այդ դեպքում։ Ամուսնանա առաջին պատահածի հետ, որպեսզի երեխա ունենա՞։ Կարծում եմ, որ դա սխալ մոտեցում է, քանի որ ընտանիքը բարձրագույն արժեք է, և դրա ստեղծմանը պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ։ Անառողջ ընտանիքում մեծացած երեխան չի կարող լինել հասարակության լիարժեք անդամ։ Ահա տեսեք, հասարակության մեջ որքան մարդ կա անառողջ հոգեկանով՝ չարացած, ագրեսիվ, անհավասարակշիռ։ Դրա պատճառները մեծ մասամբ թաքնված են նրանց մանկության խորքերում։ Նրանցից շատերը մեծացել են անառողջ մթնոլորտով ընտանիքներում, պարբերաբար զգացել և շարունակում են զգալ բացասական ապրումներ, որոնք հանգեցնում են չարացածության և ներքին ագրեսիայի, իսկ դա, իր հերթին, չի կարող չանդրադառնալ շրջապատի վրա։ Զայրույթն այլ մարդկանց և առհասարակ կյանքի նկատմամբ ներքին բովանդակության խնդիր է, և ես, որպես հոգեբան, իմ գլխավոր առաքելություններից մեկն եմ համարում մարդկանց օգնությունը այս խնդրի լուծման հարցում… Ես ընդհանրապես կարծում եմ, որ ոչ միայն հոգեբանները, այլև հասարակության բոլոր անդամները պետք է ձգտեն, որ Չարն առավելագույնս անհետանա երկրի երեսից։ Իհարկե, դա հեշտ խնդիր չէ, սակայն չարություն չանելն արդեն բարու հաղթանակն է։ Թող յուրաքանչյուրը սկսի իրենից։ Ես հասկանում եմ, որ շուրջբոլորը շատ մարդիկ կան, որոնք հրահրում են կոնֆլիկտներ, բայց միաժամանակ, միակողմանի կոնֆլիկտներ չեն լինում։ Պետք է չտրվել սադրանքներին, լինել չափազանց զուսպ և հավասարակշռված։ Ամեն անգամ, երբ մեզ հաջողվում է չեզոքացնել կոնֆլիկտը, մենք ներքուստ ուժեղանում ենք, իսկ դա էլ հանգեցնում է բարու ծնունդին։

– Նարինե, կարծում եմ, որ Ձեզ բուժառուների թվում հազվադեպ չեն մարդիկ, ովքեր մեղադրում են բոլորին իրենց խնդիրների համար, բայց խորհրդատվությունների ընթացքում Դուք հասկանում եք, որ խնդիրը թաքնված է հենց իրենց մեջ, ի՞նչ եք անում այդ դեպքերում։

– Նախ, ցանկացած բուժառու, որը գալիս է հոգեբանի մոտ, փորձում է մեղադրել ինչ-որ մեկին և մեղավորներ գտնել իր դժբախտությունների մեջ։ Առաջին բանը, որ մենք անում ենք աշխատանքի ընթացքում, վերլուծության ենք ենթարկում նրա անձը։ Նա ինքը պետք է տեսնի, թե ինչում է կայանում իր խնդիրը, որտեղ է այն թաքնված և հասկանա, որ դրանից կարելի է ազատվել միայն ինքդ քո մեջ ինչ-որ բան փոխելով…

– Եվ ինչպե՞ս են նրանք դա ընկալում։ Չէ՞ որ Դուք ինքներդ ասացիք, որ մարդիկ գալիս են հոգեբանի մոտ ոչ թե փոխվելու, այլ մեղավորներ գտնելու համար։

– Հաճախ, նրանք գալիս են այն ժամանակ, երբ գոյություն ունի միջանձնային կոնֆլիկտ՝ ամուսնու և կնոջ, սկեսուրի և հարսի, մոր և երեխայի միջև և այլն։ Անկախ իրավիճակից և դրա անձնական ընկալումից, բոլորը նշում են, որ այսպես այլևս չի կարող շարունակվել։ Ես նպատակ չունեմ, որ մարդը ընդունի իր մեղքը։ Եվ ընդհանրապես, ես իրավունք չունեմ մեղավորներ և անմեղներ փնտրելու։ Ես պարզապես պետք է օգնեմ մարդկանց գտնել իրենց խնդիրների լուծման ուղիները։

– Հայաստանում մարդիկ, հաճախ, լիովին չեն հասկանում, թե ինչում է կայանում հոգեբանի աշխատանքը։ Ոմանց թվում է, որ հոգեբանը պետք է խորհուրդներ տա այս կամ այն առիթով…

– Խորհուրդներ տալը չի մտնում հոգեբանի պարտականությունների շրջանակի մեջ։ Ավելին, դա հակասում է մեր կարգավիճակին։ Մենք բուժառուի հետ միասին վերլուծում ենք այն իրավիճակները, որոնք նրան դուրս են բերել հավասարակշռության վիճակից։ Ես ունեմ մեկ հետաքրքիր մասնագիտական հնարք. աշխատանքի հենց սկզբում ես պացիենտներին առաջարկում եմ պատկերացնել մի հսկայական գրապահարան, որտեղ քաոս է տիրում՝ դրանք մեր մտքերն են, ամբողջությամբ քանդել այն, իսկ հետո գեղեցիկ դասավորել ամեն ինչ՝ ըստ բովանդակության և նշանակության։ Երբեմն, մարդիկ հիանալի հասկանում են, թե ինչ պետք է անեն այս կամ այն իրավիճակում, բայց չգիտեն, թե ինչպես։ Հենց այդ անորոշությունն էլ հանգեցնում է տհաճ վիճակների և ոչ ադեկվատ պահվածքի։ Երբեմն, բացասականի հետ բախվելիս, առաջին արձագանքը լինում է նույնով պատասխանելու ցանկությունը՝ չարին չարով։ Բայց արդյո՞ք դա հոգեկան բավարարվածություն կբերի։ Ավելի լավ է անտեսել և հեռանալ։ Ի դեպ, երբ վիրավորանքներն ու նեղացումները լինում են միակողմանի, ապա նա, ով եղել է կոնֆլիկտի նախաձեռնողը, արդեն հայտնվում է ավելի վատ վիճակում։ Հենց դա եմ ես բացատրում իմ պացիենտներին։

– Ըստ իմ դիտարկումների, այն կանայք, ովքեր մինչև 35-40 տարեկանը չեն ամուսնացել, մեծամասամբ ունեն կարծրատիպային մտածողություն, և նրանց համար, երբեմն, շատ դժվար է ազատվել մանկուց իրենց պարտադրված կարծրատիպերից…

– Այո, դա իսկապես այդպես է։ Կարծրատիպերի ազդեցության տակ մարդու մեջ ձևավորվում են տարբեր բարդույթներ. «Ես արքայադուստր եմ, և իմ ձեռքին հասնելու համար պետք է սխրանք գործել», «Կինը չպետք է նախաձեռնություն ցուցաբերի», «Բոլոր տղամարդիկ տականք են» և այլն։ Նման դեպքերում առանց հոգեբանի օգնության անհնար է։

Ձեր կարծիքով, ո՞ր կարիքի չբավարարվածությունն է, հաճախ, մարդկանց բերում հոգեբանի աշխատասենյակ։

– Գրեթե բոլոր այն մարդիկ, ովքեր գալիս են իմ ընդունելությանը, երազում են երջանկության և ներդաշնակության մասին։ Նրանք ցանկանում են ինձանից ստանալ «հրահանգ», որը նրանց կտանի դեպի երջանկություն։ Շատ հաճախ աշխատանքի ընթացքում, ես հասկանում եմ, որ մարդը, նկարագրելով իր կարիքները, անվանում է այն բարիքները, որոնք թելադրել է իրեն շրջապատը։ Իմ խնդիրն է՝ առանձնացնել իրական կարիքները հորինվածներից, և առաջին հարցը, որը ես տալիս եմ պացիենտին՝ ի՞նչն է ձեզ խանգարում երջանիկ լինել։ Պատասխանները շատ տարբեր են լինում:

Ըստ իս, երջանկությունը սուբյեկտիվ հասկացություն է, և յուրաքանչյուրն այն յուրովի է հասկանում։ Կարողացե՞լ եք Ձեր համար մշակել այդ հասկացության համընդհանուր, բոլորի համար ընդհանուր բացատրություն։

– Անձամբ ինձ համար երջանկությունն ասոցացվում է «պետք լինելու» հասկացության հետ։ Երբ դու առավոտյան տնից դուրս ես գալիս և գիտես, որ քեզ ինչ-որ մեկը անհամբեր սպասում է աշխատանքի վայրում, իսկ երեկոյան շտապում ես տուն, որովհետև այնտեղ նույնպես քեզ շատ են սպասում, դա էլ հենց երջանկությունն է։ Սակայն ես կարծում եմ, որ երջանկության համընդհանուր բանաձև չկա և չի կարող լինել։ Որովհետև երջանկությունը, որպես կարիքների լիակատար բավարարման վիճակ, ապրիորի անհնար է։ Ուստի, պետք է, նախևառաջ, գտնել քո առաքելությունը, և այդ ժամանակ կյանքը իմաստ կստանա։

– Իսկ չէ՞ որ շատ մարդիկ ապրում են իրենց կյանքը, այդպես էլ չգտնելով այս հարցի պատասխանը։

– Խնդիրը կայանում է նրանում, որ մենք բոլորս ինչ-որ բան ենք ուզում, բայց չենք ցանկանում տալ։ Մենք միշտ խոսում ենք կամ մեր կարիքների, կամ դրանց բացակայության մասին, մինչդեռ պետք է կանգ առնել և մտածել, իսկ ի՞նչ կլիներ, եթե ես չունենայի այն ամենը, ինչ հիմա ունեմ։ Օրինակ՝ չլինեին երեխաները, ընկերները, տունը կամ աշխատանքը։ Մի՞թե ավելի լավ կլիներ։ Յուրաքանչյուր մարդ պետք է գնահատի այն, ինչ ունի, դրանից հաճույք ստանա, բայց ձգտի ավելիին, միաժամանակ հասկանալով, որ ոչ ոք իրեն ոչինչ պարտական չէ, և ինքն է իր կյանքի, իր երջանկության արարիչը…

– Որոշ մարդիկ անգործության մեջ են՝ հրաշքի սպասումով, և նույնիսկ 40 տարեկանի սահմանագիծն անցնելով, մտածում են, որ դեռ ամեն ինչ առջևում է, դա նո՞րմալ է։

– Ոչ, իհարկե։ Մարդը պետք է հասկանա, որ կյանքը հավերժ չէ, որ ժամանակը տեղում չի կանգնում, և որ յուրաքանչյուր օր անկրկնելի է և անգին, որովհետև մենք երբեք չենք կարող այն վերադարձնել։ Պետք չէ սպասել երջանկությանը, այլ երջանիկ լինել այստեղ և հիմա։ Բոլոր մարդիկ էլ խնդիրներ ունեն, բայց դա չպետք է դառնա դժբախտության պատճառ, ընդհակառակը, մարդը պետք է փնտրի այդ խնդիրների լուծման ուղիները, գուցե ոչ միանգամից, գուցե հատիկ-հատիկ, բայց չէ՞ որ դա կարող է նրա համար նպատակ, խթան դառնալ կյանքում։ Յուրաքանչյուրը պետք է ունենա պատասխանատվության զգացում իր կյանքի համար և իր խնդիրները ուրիշների վրա չբարդի։ Պետք է հասկանալ, որ բոլոր մարդիկ ծնվում են նույն մտավոր և ֆիզիկական հնարավորություններով (խոսքը ֆիզիոլոգիական խնդիրների մասին չէ), իսկ զարգացումն արդեն դառնում է անհատական։ Երբ մարդը չի փորձում գնալ ստանդարտի հետևից, երբ ինքնախղճահարությունը չի արգելակում նրա զարգացումը, ապա նա կարող է հասնել ամեն ինչի, նույնիսկ անհնարինի։ Շատերն այսօր սիրում են կրկնել այն աֆորիզմը, որ «եթե ինչ-որ բան շատ ուզենաս, ապա անպայման կստանաս», միայն թե շատերը սխալ են մեկնաբանում «ուզենալ» բառի իմաստը։ Դա պետք է դառնա գործողության, պայքարի կոչ, ոչ թե անգործության՝ հրաշքի սպասումով։ Սպասումը ինքնախաբեություն է, իրականությունից փախուստ է։ Յուրաքանչյուր մարդ, հատկապես 40 տարեկանից հետո, պետք է արագացնի իր կյանքի տեմպը, որպեսզի հասցնի անել այն ամենը, ինչի մասին երբևէ երազել է։ Եվ ևս մեկ բան պետք է հիշել. երջանկությունը կախված չէ կնոջից կամ տղամարդուց։ Երջանկությունը մարդու համար շատ կարևոր մանրուքների գումարն է։ Երբ մարդը սոցիումում իրեն երջանիկ է համարում, միայն այդ ժամանակ նա կարող է լինել երջանիկ ծնող, երջանիկ ամուսին և իր երջանկությունը կիսել մոտ մարդկանց հետ։

– Ի՞նչ գեղարվեստական կամ իրական պատմական կերպարի հետ կցանկանայիք հոգեբանական սեանս անցկացնել։

– Միանշանակ մեծն Շառլ Ազնավուրի հետ։ Ինձ միշտ գրավել են նրա մարդասիրությունն ու հանդուրժողականությունը։ Նա մի տանիքի տակ է միավորել տարբեր ազգությունների, մշակույթների և դավանանքների մարդկանց։ Ինձ թվում է, դրանով նա ցանկացել է աշխարհին ցույց տալ իր հանդուրժողականությունը։ Մյուս կողմից, նրան նայելիս, իմ մոտ միշտ զգացում է առաջացել, որ այդ մեծ մարդը, չնայած իր համբավին, հոգու խորքում իրեն շատ միայնակ է զգացել։ Հնարավոր է, հենց դա էլ եղել է նրա աչքերի այն առանձնահատուկ արտահայտության պատճառը, որում շատերը տեսնում էին թախիծ ու կարոտ Հայաստանի նկատմամբ։ Մի անգամ ես կարդացի նրա հարցազրույցը, որում նա խոստովանել էր, որ երբեմն իրեն շատ միայնակ է զգում, և որ հենց այդ զգացումն է ստիպում նրան հնարավորինս հաճախ լինել բեմում, իր առջև տեսնել լեփլեցուն համերգասրահ։ Ես ենթադրում եմ, որ Ազնավուրի մենակությունը պայմանավորված էր նրա կյանքում հայուհու բացակայությամբ, որը նրա համար իսկական ընտանեկան օջախ կստեղծեր, կփոխանցեր այն ջերմությունը, որը նա տեսել էր իր ծնողական ընտանիքում, կդաստիարակեր իր երեխաներին հայրենասիրության ոգով։ Մի՞թե հենց դրանով չէր թելադրված հայերի մեջ լինելու, Հայաստան գալու նրա անսահման, անհագ ցանկությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ այստեղ շատ բաներ չէին բավարարում նրան։ Շատ դժվար է գիտակցել, որ նա այլևս չկա, և որ նա այլևս երբեք չի գա Հայաստան… Շառլ Ազնավուրը հենց այն մարդն էր, որը գտավ իր կոչումը կյանքում, իր առաքելությունը՝ հոգևորապես հարստացնել մարդկանց կյանքն իր աստվածային երաժշտությամբ, իր փիլիսոփայությամբ։

– Մենք այսօր շատ խոսեցինք առաքելության մասին, իսկ  ի՞նչում է կայանում Ձեր առաքելությունը։

– Ես իմ աշխատանքի վերջնական նպատակն եմ համարում մարդկանց երջանկություն պարգևելը, նույնիսկ եթե նրանք չեն հավատում դրա գոյությանը։ Գիտե՞ք, ինչ երջանկություն է, երբ ամեն օր տասնյակ մարդիկ քեզ շնորհակալություն են ասում։ Դա դարձել է իմ կյանքի գլխավոր սկզբունքը, իմ «թմրանյութը»՝ ապրել այնպես, որ մարդկանցից ստանաս այդ կախարդական «շնորհակալություն» բառը։ Ես էլ մշտապես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ, իմ մասնագիտության համար, որը հնարավորություն է տալիս օգնել մարդկանց, իմ ընտանիքի, ծնողների, որդուս, յուրաքանչյուր ապրած օրվա համար։

– Շնորհակալություն Ձեզ, հարգելի Նարինե, շատ դրական և հետաքրքիր զրույցի համար։